Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Ուսանողները 4-րդ օրն է, որ դասադուլ են անում: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ առավոտից ուսանողները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվում են մասնակցել դասերին:

«Պետք է կարողանանք ավելի ամրանալ, ներառել այլ խմբեր: Այսօր Ազգային ժողովում գլխադասային հանձնաժողովը պետք է այս օրենքի քննարկի, մենք 18:00-ին այնտեղ ենք լինելու, պետք է այդ քննարկմանը մասնակցենք»,-ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ուսանողներն այս պահին երթով անցնում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով:

Նշենք, որ դասադուլավորները երեկ հանդիպում են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: