Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, միսը 7,9 տոկոսով է թանկացել, իսկ ձուկը եւ ձկնեղենը` 24,7 տոկոսով:

Մսամթերքի խմբում հատկապես կտրուկ աճել են խոզի (1,4 անգամ) եւ գառի (24,3 տոկոսով) մսի մանրածախ գները: Զգալիորեն թանկացել է նաեւ տավարի միսը (9,0 տոկոսով): «Ձկներ եւ ձկնեղեն» խմբում թարմ եւ սառեցված ձուկ է ընդգրկվել`գների 27,8 տոկոս աճով: Բացի այդ, կարագի գները նույնպես ռեկորդ են սահմանել`աճելով 33,3 տոկոսով: Սա գների հիմնական ինդեքսն է, որը ցույց է տալիս անցած տասը ամիսների արդյունքները՝ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ:

Նշենք, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնային աճի գործընթացը շարունակվել է: Այսպես, մեկ ամսվա ընթացքում մսի գինը միջինում 1,3 տոկոսով բարձրացել է: Սա վերջին 10 ամսվա ընթացքում, օգոստոսից հետո (երբ գները հուլիսի համեմատ աճել էին 1,4 տոկոսով) իր մեծությամբ մսի գների շղթայական ինդեքսի երկրորդ ցուցանիշն է: Կարագի ցուցանիշը կրկին ռեկորդային է եղել. ընդամենը մեկ ամսվա ընթացքում գինը միանգամից բարձրացել է 12,3 տոկոսով:

Վերջերս շատ գնորդներ բողոքում են մի շարք սննդամթերքների գների բարձրացումից, որն արդեն վտանգավոր բնույթ է կրում: Ինչպես հայտնի է, միսը եւ մսամթերքը, ձուկը եւ ձկնեղենը, ինչպես նաեւ կարագն իրենց օգտակար հատկությունների պատճառով համարվում են «արժեքավոր սննդամթերքներ» : Սակայն, դատելով գների աճից, այս տերմինն իր երկրորդ իմաստն է ձեռք բերում:

Հարկ է նշել, որ նոր տարվա նախաշեմին վաճառողները սովորաբար բարձրացնում են տոնական սեղանի պահանջված սննդամթերքների գները: Այսպիսով, ընթացիկ գների մակարդակը կարող է որպես «ցատկահարթակ» ծառայել հաջորդ գնաճի համար:

Նյուրի աղբյուրը` News.am