«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամեր առաջ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Բանաձեւի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետեւ այն անցկացվում է Ուկրաինայում:

Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց` միանգամից երեք փաստաթղթերում բարենպաստ ձեւակերպումներ ապահովելով ԼՂ խնդրի վերաբերյալ ու դա` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով:

Բաքուն երեկ Կիեւում փորձել է ռեւանշի հասնել` թեեւ ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերը թերագնահատել չենք ուզում, սակայն` այն իր հեղինակությամբ, կշռով ամենեւին համարժեք չէ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը չպետք է աչալրջություն, հետեւողականություն ցուցաբերի տարածաշրջանային նման հարթակներում, որովհետեւ հակահայկական ցանկացած բանաձեւ որոշակի նստվածք ունենում է, իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի եւ այլ երկրների հարաբերությունների վրա:

Երեկվա բանաձեւի հետ կապված դարձյալ արձանագրենք, որ բովանդակային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից` հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի եւ Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ունի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ, որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաեւ տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերով: Մյուս կողմից` այսօրվա գագաթնաժողովը հյուրընկալել էր Կիեւը ու ԼՂ հարցն ակնհայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում:

Սակայն գլոբալ հարթության վրա մեր միջազգային պատվիրակությունների ձայնը շատ հաճախ լսելի չի լինում, որովհետեւ տարբեր միջազգային ձեւաչափերում Հայաստանի ներկայացուցիչներն անվերապահորեն պաշտպանել են ռուսական դիրքորոշումներ, եթե նույնիսկ դրանք հակոտնյա են եղել մեր պետական օրակարգին:

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հարթակներում ԼՂ խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա: Սա, մի կողմից, ԼՂ խնդիրը կազատի ավելորդ ռուսականացումից, մյուս կողմից` նվազագույնի կհասցնի միջազգային եւ տարածաշրջանային տարբեր ձեւաչափերում հակահայկական բանաձեւերի ընդունման հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում