Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վստահեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւան-Երասխավան ավտոճանապարհին 53 մեքենայի վթարի պատճառը չէր կարող լինել ճանապարհի սառած լինելը:

«Նախորդ օրերին ոչ ձյուն է տեղացել, ոչ էլ անձրեւ, օդի ջերմաստիճանն էլ առավոտյան այդ ժամին եղել է +2: Ճանապարհի այդ հատվածում մառախուղ է եղել, սկզբում երկու մեքենա է բախվել, մթնշաղի պատճառով մնացած մեքենաների շղթայական վթարն է տեղի ունեցել»,- NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Արտաշատի հիվանդանոցից էլ մեզ հայտնեցին, որ այդ վթարի հետեւանքով երկու անձ էր իրենց մոտ տեղափոխվել: Նրանք ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել ժամը 07,20-ի սահմաններում Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում. բախվել էին 53 մեքենա: