2017 թվականը հարուստ էր քաղաքական սկանդալներով: Ինչպես եւ սպասվում էր, սկանդալների հիմնական աղբյուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, որի համար անցյալ տարին դարձավ իր նախագահության առաջին տարին: Ամերիկացի նախագահի որոշումների, թվիթների եւ քաղաքականության շնորհիվ աշխարհը ստիպված չէր ձանձրանալ: NEWS.am-ում  վերհիշել են, թե ինչպես է դա եղել, եւ բացի Թրամփից ինչ իրադարձություններ են կարեւորել այս տարին:

ԱՄՆ

Երդմնակալության արարողությունից հետո Թրամփի առաջին քայլերից մեկը հրամանի ստորագրումն էև, որը թուլացրեց իր նախորդի Obamacare առողջապահական բարեփոխումների դրույթների իրականացումը: Դա տեղի էր ունեցավ հունվարի 21-ին, իսկ արդեն հոկտեմբերին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանը, որը թուլացրեց Obamacare-ի գործունեությունը եւ հնարավորություն տվեց օգտվել ավելի մատչելի բժշկական ապահովագրություններից:

Հունիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Փարիզյան համաձայնագրից, որի կողմնակիցնր էր Բարաք Օբաման: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ գլոբալ տաքացումը ընդամենը միստիֆիկացիա է: Նրա կարծիքով, Փարիզյան համաձայնագիրը վնասում է Միացյալ Նահանգների շահերին` ի օգուտ այլ երկրների: Նա նշել է, որ այս համաձայնագիրը «մինչեւ 2025 թվականը կարող է Ամերիկային 27 միլիոն կորցրած աշխատատեղ արժենալ»:

Թրամփը նաեւ չեղարկեց իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը՝ հայտարարելով, որ հոգնել է այն բանից, որ բոլորն օգուտ են ստանում դրանից»: Նա Իրանին բազմիցս «ահաբեկչության հովանավոր» եւ «Միացյալ Նահանգների համար սպառնալիք» է անվանել: Վաշինգտոնը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ՝ ներառյալ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի»: Այս քայլը համաձայնագրի մյուս կողմերի աջակցությանը չարժանացավ:

Վաշինգտոնի եւ Պհենյանի միջեւ «հաճոյախոսությունների» փոխանակումը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում: Երկրները մեղադրում էին միմյանց Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման եւ միջուկային աղետին նպաստելու համար: Փհենյանում Թրամփին «ծեր խելագար» էին կոչում: ԱՄՆ նախագահը եւս հետ չմնաց եւ Կիմ Չեն Ընին «չաղլիկ կարճահասակ» անվանեց: Թրամփը «կրակ ու հուր» էր խոստացել Պեկինին, սակայն դեռ սահմանափակվում է լրացուցիչ պատժամիջոցների կիրառմամբ:

Համաշխարհային հանրությանը մատուցած Թրամփի մեկ այլ անակնկալ դարձավ Երուսաղեմի ճանաչումը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք եւ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը այնտեղ: Նրա հայտարարությունը բռնկեց Մերձավոր Արեւելքը, եւ աշխարհը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձեւի ընդունմամբ դատապարտեց Թրամփի որոշումը:

Տարվա վերջում Թրամփին հաջողվեց զգալի օրենսդրական հաղթանակի հասնել Կոնգրեսի հարկային բարեփոխումների ընդունումից հետո, որը նախատեսում էր 1.5 տրիլիոն դոլարի չափով հարկերի կրճատում կորպորացիաների եւ ֆիզիկական անձանց համար:

Եվրոպա

Ֆրանսիայում մայիսի 7-ին «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ զգալիորեն առաջ անցնելով իր մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից: Նախագահի պաշտոնում առաջնահերթ խնդիրների շարքում Մակրոնը նշեց ահաբեկչության դեմ պայքարը, ոստիկանության շտաբի համալրումը, աշխատավարձերի բարձրացումը, հարկերի նվազեցումը:

Մեծ Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին վարչապետ Թերեզա Մեյի կողմից խորհրդարանում իշխող կուսակցության մեծամասնության ամրապնդման համար, սակայն հանգեցրեցին հակառակ արդյունքի. պահպանողականները շարունակեցին մնալ Ստորին պալատի ամենախոշոր կուսակցությունը, սակայն 12 մանդատ կորցրեցին եւ դրա հետ մեկտեղ նաեւ որոշումների իրականացման համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնությունը: Մեծ Բրիտանիայում վերջին 100 տարվա ընթացքում նման բան տեղի էր ունեցել ընդամենը երկրորդ անգամ:

Վեց ամիս լարված բանակցություններից հետո դեկտեմբերի կեսերին Եվրախորհուրդը պաշտոնապես հայտարարեց «բրեքսիտի» առաջին փուլի ավարտի մասին: Երկրորդ փուլում նախատեսվում է քննարկել Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները այն բանից հետո, երբ Բրիտանիան կլքի ԵՄ-ն: Սա ներառում է կարճաժամկետ անցումային ժամանակաշրջան եւ առեւտրային հարաբերություններին վերաբերող հարցեր:

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կայացած ընտրությունների արդյունքում Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) բլոկը հավաքեց ձայների 33%-ը, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 20,5%-ը, Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությունը՝ 10,7%-ը, իսկ Ձախ կուսակցությունը` 9,2%-ը, «կանաչները» հավաքեցին ձայների 8.9%-ը տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը` 12,6%-ը: Ընտրություններից անմիջապես հետո սոցիալ-դեմոկրատները հայտարարեցին, որ հրաժարվում են պահպանողականների հետ «մեծ կոալիցիա» ստեղծելուց: Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ՔԴՄ-ի եւ ՔՍՄ-ի խորհրդակցությունները կառավարության հնարավոր ձեւավորման համար պետք է սկսվեն 2018 թվականի հունվարին եւ կավարտվեն երկու շաբաթ անց: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու փորձերը այս տարի ձախողվեցին: Չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 1-ին հանրաքվեի ժամանակ կատալոնցիների մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին, Մադրիդը հրաժարվեց ճանաչել հանրաքվերի արդյունքները: ԵՄ-ն այս հարցում աջակցեց Մադրիդին: Իսպանիայի իշխանությունները սկսեցին Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարում իրականացնել:

Պուչդեմոնը եւ չորս այլ կատալոնցի քաղաքական գործիչները փախան Բելգիա: Նրանց թվում էր նաեւ Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուիչդեմոնը: Իսպանիայի կառավարությունը մեղադրում է նրան եւ Կատալոնիայի այն ժամանակվա կառավարության մյուս անդամներին խռովության կազմակերպման համար:

Այնուամենայնիվ, Կատալոնիայի արտահերթ ընտրությունների ժամանակ հաղթեցին կուսակցություններ, որոնք կողմ են անկախությանը:

Մերձավոր Արեւելք

Հունիսին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ, որին հետեւեցին տնտեսական պատժամիջոցները եւ էմիրության տրանսպորտային շրջափակումը: Կատարում ափսոսանք հայտնեցին եւ հարեւանների որոշումն անհիմն որակեցին:

Ավելի ուշ «քառյակը» պահանջների ցանկ կազմեց, որոնք Դոհան անիրականանալի համարեց եւ կոչ արեց դրանք վերանայել: Դրանց թվում էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական բազայի վերացումը:

Լիբանանում իրավիճակը սրվեց, երբ երկրի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին Էր Ռիադում անսպասելի հայտարարեց իր հրաժարականի մասին՝ շիական «Հիզբոլլահ» շարժմանը եւ Իրանին մեղադրելով Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու համար ու հայտարարեց իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Բեյրութում հայտարարեցին, որ սաուդցիները Հարիրիին ստիպել են դա անել եւ նրան ուժով են այնտեղ պահում: Էր Ռիադում մի քանի շաբաթ մնալուց հետո Հարիրին Բեյրութ վերադարձավ՝ ճանապարհին կանգառներ կատարելով Փարիզում, Եգիպտոսում եւ Կիպրոսում, եւ հայտարարեց, որ միտքը փոխել է:

Սաուդյան Արաբիան ուշադրության կենտրոնում հայտնվեց արքայազնների կալանավորման հետ կապված սկանդալի շնորհիվ: Գահաժառանգ արքայազն Մուհամմեդը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում կալանավորեց 11 արքայազնների եւ մի քանի ազդեցիկ քաղաքական գործիչների ու գործարարների: Նրանց թվում էր նաեւ հայտնի ձեռներեց, միլիարդատեր, արքայազն Ալ Վալիդը: Սաուդյան իշխանությունները հայտարարեցին, որ կոռուպցիայի հետեւանքով երկրի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարի վնաս է հասցվել: Սակայն կալանավորվածներին սկսեցին ազատ արձակել, եթե նրանք համաձայնվում էին իրենց ազատության դիմաց վճարել:

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն հանգեցրեց նավթով հարուստ Քիրքուքի նկատմամբ փեշմերգայի վերահսկողության կորստին: Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերի 25-ին: Անկախության օգտին քվեարկեց ընտրողների 92,73 տոկոսը: Բաղդադում հանրաքվեն ապօրինի հայտարարեցին: Հոկտեմբեր կեսին վերահսկողություն հաստատեցին Քրիքուքի եւ վիճելի այլ տարածքների նկատմամբ:

Դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ Հեյդեր ալ Աբադին հայտարարեց երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի մասին: Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերն իրենց վերահսկողության ներքո են վերցրել արեւմուտքի ամայի տարածքները, ինչպես նաեւ սիրիա-իրաքյան սահմանի հատվածը: Վարչապետը նշել էր, որ սա նշանակում է ԻՊ գրոհայինների դեմ պատերազմի ավարտ, որոնք «լիովին ջախջախված են եւ Իրաքի սահմաններից դուրս շպրտված»:

Ռուսաստան

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, չնայած երկու երկրների նախագահների միջեւ շփումներին, չջերմացան: Դոնալդ Թրամփը շարունակում է հնչեցել այն մեղադրանքները, որ ընտրություններում իր հաղթանակի համար նա պարտական է ռուսներին։ Նրա հռետորաբանությունն այս առումով դառնում է ավելի կոշտ: Եվ վերջերս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությունում Թրամփի վարչակարգը Մոսկվային մեղադրել էր այլ պետությունների գործերին միջամտելու համար: Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը: Օգոստոսի 31-ին ԱՄՆ-ն հայտարարեց Միացյալ Նահանգներում ռուսական դիվանագիտական ​​եւ հյուպատոսական առաքելությունների գործունեությունը սահմանափակելու միջոցների մասին: Ռուսական կողմը ձեռնարկեց անհրաժեշտ հակազդման միջոցներ՝ վտարելով ավելի քան 700 ամերիկացի դիվանագետների:

Ուկրաինական ճգնաժամի եւ մի շարք այլ խնդիրների լույսի ներքո Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների պարագայում մնում է ցանկանալ լավագույնը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում չափազանց քաղաքականացվածություն կա: «Հարաբերությունների ներկայիս վիճակը չի կարող նորմալ համարվել»,-մայիսին հայտարարել է Պուտինը:

Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն հերթական անգամ եւս վեց ամսով երկարաձգեց պատժամիջոցները: Ռուս փորձագետների կարծիքով՝ ԵՄ-ի էներգետիկ շուկաներում ռուսական ներկայությունը կկրճատվի առաջիկա երկու տասնամյակների ընթացքում: Դա կապված է էներգետիկ համագործակցության քաղաքականացման, ԵՄ-ի կողմից այլընտրանքային մատակարարների որոնման եւ էներգետիկայի ոլորտում նորարարությունների հետ: Ռուսաստանին պետք է դիվերսիֆիկացնել էներգետիկայի սպառման շուկաները եւ ընդհանուր առմամբ ազգային արտահանումը։

Դեկտեմբերի 11-ին Վլադիմիր Պուտինը հրաման արձակեց ռուսական օդատիեզերական ուժերին սկսել ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից՝ այդպիսով վերջակետ դնելով Բաշար Ասադի խնդրանքով 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ահաբեկիչների դեմ սկսված ահաբեկչական գործողություններին ռուսական կողմից։ Այնուամենայնիվ, Սիրայում մնում է ռուսական բազան։ Հմեյմիմում կմնա ավիացան՝ ռմբակոծիչները, կործանիչներ, գրոհիչ ինքնաթիռներ, բանակի ավիացիան, ինչպես նաեւ Սիրիայում հակաօդային պաշտպանությունը կպահպանվի:

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել էր ռուս մարզիկներին Փհենչհանում 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալ ազգային հավաքականի կազմում, բայց թույլատրել էր չեզոք դրոշի ներքո հանդես գալը։

Այս որոշումը շատ ռուս քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ ընկալեցին որպես հերթական ոչ բարեկամական եւ քաղաքական մոտիվացիա ունեցող ժեստ Ռուսաստանի դեմ: Միջազգային օլիմպիական կոմիտեի ու WADA-ի կողմնակալության պատճառով սկանդալների պակաս չզգացվեց կապված ռուս մարզիկների պարգեւներից զրկելու եւ ռուսական սպորտի որպես ինստիտուտի նկատմամբ անվստահության հետ, գրել էր «Վեդոմոստի»-ն։

Ասիա

Անցած տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան իրականացրեց 6 հրթիռային փորձարկում: Սակայն Փհենյանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը (նոյեմբերի 28-ին) տարբերվում է նախորդներից, քանի որ Հյուսիսային Կորեայում հաջողվեց մոտենալ միջուկային գերտերության կարգավիճակին: Պեկինյան հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռը կոչվում է Խվանսոնգ-15, իր դասի մեջ ամենահզորն է եւ դրանով ավարտում է երկրում հրթիռային համակարգերի մշակման փուլը: Նաեւ հաստատվում էր, որ հրթիռը համալրված է «գերծանր մարտագլխիկով», որը կարող է խոցել Միացյալ Նահանգների ողջ տարածքը: Հրթիռը գրանցել է առավելագույն բարձրությունը Հյուսիսային Կորեայի բոլոր փորձարկումների մեջ: Փորձարկումից հետո ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեցին Փհենյանի նկատմամբ: Դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատեց նոր միջազգային պատժամիջոցներ Փհենյանի դեմ: Փաստաթուղթը սահմանափակում էր Հյուսիսային Կորեա նավթի արտահանման մոտ 90 տոկոսը, այսուհետ երկրին հնարավոր չի լինի մատակարարել 500 հազար բարելից ավելի նավթ մեկ տարվա ընթացքում: Նաեւ սահմանափակվում էր հում նավթի մատակարարումները ոչ ավելի, քան 4 միլիոն բարելը մեկ տարվա ընթացքում: Բացի դրանից, ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ստիպված կլինեն երկու տարվա ընթացքում իրենց երկրից վտարել բոլոր Հյուսիսային Կորեայից եկած աշխատանքային միգրանտներին: Փհենյանում նոր պատժամիջոցներն անվանել են «պատերազմական գործողություն»:

Չինաստան

Անցնող տարին հաղթական էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար: Հունվարին ելույթ ունենալով Դավոսի համաժողովում՝ նա արժանացավ բուռն ծափահարությունների՝ սատարելով գլոբալիզացիան եւ հովանավորչությունը համեմատելով «ինքդ քեզ մութ սենյակում փակելու» հետ։

Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր նրա հետ իր նստավայրում՝ Մար ա Լագոյում եւ բացահայտ խուսափել Չինաստանի հետ հարաբերություններում իրեն բնորոշ հռետորաբանությունից: Հունիսին Ցզինպինը միջազգային հանրության ուշադրությանը արժանացավ այն բանից հետո, երբ իր հավատարմությունը հայտնեց կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին։ Սակայն ամենամեծ հաջողությունը Ցզինպինին ժպտաց Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարում։ Սա գագաթնակետն էր։

Նա երկրորդ անգամ վերընտրվեց եւս հինգ տարի ժամկետով որպես կուսակցության գլխավոր քարտուղար։ Համագումարը ներառեց «Սի Ցզինպինի մտքերը» Չինաստանի կոմունիստական կուսակցության կանոնադրության մեջ: Դրանից առաջ այդպիսի պատվի արժանացել էին միայն Մաո Ցզեդունը եւ Դեն Սյաոպինը։ Ցզինպինի իրավահաջորդը համագումարի ժամանակ այդպես էլ չհայտարարվեց։ Երբ Թրամփը Ցզինպինին անվանում էր «Չինաստանի թագավոր», ըստ էության չէր սխալվում։ Ցզինպինը Չինաստանի ամենահզոր առաջնորդն է Մաոի ժամանակներից ի վեր

Խոսելով նրա վարած արտաքին քաղաքականության մասին՝ հարկ է նշել, որ համագումարի 3-ժամյա ելույթում նա օգտագործել էր «մեծ ուժ» եւ «հզոր ուժ» արտահայտությունները քսանհինգ անգամ: Հետեւաբար, պետք չէ մտածել, որ նա մի կողմ կքաշվի, մինչ մյուսները փորձում են օրակարգ հաստատել կամ խաղի կանոններ սահմանել: