Ըստ ոստիկանության եւ ապահովագրական ընկերությունների տվյալների, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը տոկոսային հարաբերությամբ մոտ 28 տոկոսով ավելի է, իսկ վթարներից վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով է ավելի, ինչը շատ բարձր թիվ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագիծ, ըստ որի՝ Հայաստանում ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների հաշվառումը եւ շահագործումը:

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշեց. «1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն ՀՀ-ում սահմանված է աջակողմյան երթեւեկություն: Դրանով պայմանավորված, Հայաստանում կանոնները սահմանված են ձախակողյան ղեկային կառավարմամբ մեքենաների երթեւեկությանը համապատասխան: Բացի այդ, մյուս տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են հաշվի առնելով ձախակողմյան ղեկային համակարգով մեքենայի վարորդի համար տեսանելի եւ ընկալելի լինելու հանգամանքը:

Հետեւաբար, աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների երթեւեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթեւեկության անվտանգության համար:

Հետեւաբար, նախատեսվում է արգելել աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների հաշվառումը եւ շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից: Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա եւ վերջիններս, ըստ նախագծի կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները»:

Նա նաեւ նշեց, որ մինչեւ ապրիլի 1-ը նեևրմուծած մեքենան կարող են ազատ շահագործել, գրանցել, հաշվառել, վերահաշվառել, վաճառել եւ այլն:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը իր հերթին նշեց, որ հարկ է նաեւ օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վրա. «Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ եւ ներկայացնել կառավարությանը, որ ներկայացնենք Ազգային ժողով»,-ասաց նա: