Lragir.am-ը գրում է.

Հրապարակը տեղեկություն էր հրապարակել անեկդոտի մասին, որ Սերժ Սարգսյանը պատմել էր տոների առիթով մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ հավաքույթի մասնակիցներին, երբ նրանք բացել էին իր վարչապետ լինելու թեման եւ ակնարկել, որ Սարգսյանը մնա:
Սերժ Սարգսյանը պատմել էր Ֆիդել Կաստրոյի մասին անեկդոտը, երբ ծանր հիվանդ Կաստրոյին հայտնում են, որ ժողովուրդը եկել է հրաժեշտ տալու, իսկ նա պատասխանում է հարցով, թե ու՞ր է գնում ժողոուրդը, որ հրաժեշտ է տալիս:
Ստեղծվել է մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանի ամեն շարժումը, բառը, տողը, դեմքի խաղը, լռությունը, հայացքը մեկնաբանվում են վարչապետի պաշտոնում նրա մնալու մտադրության եւ վճռի, այսպես ասած անփոխարինելիության համատեքստում:
Ինչ մտադրություն ունի Սարգսյանը, դժվար է ասել, բայց որ նա այլեւս ծիծաղում է այդ իրավիճակի, ավելի շուտ դրանով ապրող գրեթե մի ամբողջ հանրապետության վրա, կարծես թե փաստ է: Թեեւ իրավիճակն իհարկե ամենեւին ծիծաղելի չէ, այլ նույնիսկ ողբերգական, եթե նկատի ունենանք, որ խոսքը պետության եւ պետական իշխանության մասին է:
Ու թեեւ «կրկեսի վերածելու հայրենիք չուներ» Սերժ Սարգսյանը, երբ ընթերցում էր Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու իր հայտնի հրովարտակը, այդուհանդերձ ներկայում ստեղծվել է մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանն է իր վարչապետության շուրջ հյուսվող լեգենդների հանդեպ առնվազն լռությամբ կրկեսի վերածել հայրենիքը: Իսկ Գագիկ Ծառուկյանը, դրա փոխարեն, հայրենիքի հանդեպ վարվում է շատ ավելի լուրջ, Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարելով, որ իր համար չկան անփոխարինելի մարդիկ:
Գագիկ Ծառուկյանն իհարկե դա ապացուցել է իր փորձով, տնտեսա-քաղաքական իմաստով «վերապրելով» մի քանի այդպիսի մարդկանց՝ Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան: Ծառուկյանն այժմ ակնարկում է, որ կարող է «վերապրել» նաեւ Սերժ Սարգսյանին եւ իր այսպես ասած տնտեսա-քաղաքական ճակատագիրը նրանից չէ, որ կախված է:
Ծառուկյանն այդ հայտարարությունն անում է մի շրջանում, երբ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է քվեարկել նախագահի ՀՀԿ թեկնածուի կողմ: Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի շատ թանկ է գնահատում իր քվեարկությունը եւ այդ իսկ պատճառով ակնարկում Սարգսյանին իր «անկախության» մասին:
Սարգսյանն իհարկե կախված չէ Ծառուկյանի քվեարկությունից, եւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն լիովին բավարար են չորրորդ նախագահին եթե ոչ առաջին, ապա երկրորդ փուլով ընտրելու համար: Իհարկե դրանից տպավորությունը փոքր ինչ կփչանա, սակայն չի լինի ճակատագրական որեւէ բան:
Ճակատագրականը կամ առավել կարեւորը Սարգսյանի համար այլ է՝ պահել Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին տարբեր նժարների վրա: Միայն այդպես նրանք ավելի թեթեւ կկշռեն, քան Սարգսյանն ինքը:
Թե Ծառուկյանին, թե Կարապետյանին պետք է ոչ թե վարչապետ, այլ մենեջեր: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն օրինակ կարող է դառնալ նրանց փոխզիջում:
Սերժ Սարգսյանը նրանց դեմ ունի մեկ խաղաքարտ՝ քաղաքական պատասխանատվությունը, որից նրանք հրաժարվում են թե գիտակցաբար, թե ենթագիտակցաբար: Դա իհարկե կարեւոր հարց է, քանի որ խոսքը այդուհանդերձ պետության մասին է, որքան էլ այն համակողմանի վերածել են կրկեսի:
Դա կարող էր բերել Սարգսյանի վարչապետության հարցում տեսական կոնսենսուսի, սակայն խնդիրն այն է, որ այդ հարցում էլ Սերժ Սարգսյանը թույլ է տվել առանցքային մի վրիպում՝ պաշտպանության նախարար նշանակելով Վիգեն Սարգսյանին եւ փաստորեն նրան դարձնելով քաղաքական պատասխանատվության թեկնածու:
Խորքային առումով, Վիգեն Սարգսյանը ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի մրցակիցն է վարչապետության հարցում: Ընդ որում, այդ մասին պաշտպանության նախարարը իրեն բնորոշ նուրբ եւ թավշյա երանգով բավական թափանցիկ ակնարկեց տարեվերջի իր հեռուստահարցազրույցում, հայտարարելով Կարեն Կարապետյանի հետ ընտանիքների մակարդակով անձնական մտերմության եւ այդ մտերմության մեջ սեպ խրելու փորձերի անբարոյության մասին:
Դա հնարավոր է որակել տարբեր կերպ, ակնարկ թե հենց Կարեն Կարապետյանին՝ տեսականում, եւ նույնքան էլ ակնարկ Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ քանի կա ռազմա-քաղաքական առումով պատրաստված Վիգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը գործնականում այնքան էլ անփոխարինելի չի թվում անգամ «քաղաքական» գործոնի մասով: Ի դեպ, ըստ երեւույթին նաեւ դա է գուցե պատճառը, որ Վիգեն Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է թիրախում եւ արվում է ամեն ինչ նրան համակողմանիորեն հեղինակազրկելու, այսպես ասած քաղաքական կարեւոր դերակատարման անպատրաստ ներկայացնելու համար, բանակի բարեփոխման Սարգսյանի յուրաքանչյուր լոկալ կամ համակարգային նախաձեռնություն ենթարկելով գրեթե տոտալ տեղեկատվական գրոհի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am