Lragir.am-ը գրում է.

Հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որին խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է համաձայնություն տալ դառնալու Հայաստանի նախագահի թեկնածու:
Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին խորհուրդ է տվել հանդիպել ՀՅԴ-ի, Ծառուկյան եւ Ելք դաշինքների հետ եւ «տեսանելի ապագայում որոշում կայացնել, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին»:
Արմեն Սարգսյանը հայտնել է, որ կցանկանար հանդիպել նաեւ Արցախի ղեկավարությանը, ինչպես նաեւ սփյուռքի կառույցներին եւ միայն դրանից հետո որոշում կայացնել:
Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ նախագահը լինելու է պետության գլուխը: Այս կապակցությամբ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանի նախագահին Ղարաբաղի հարցով բանակցելու մանդատ է տրվելու: Ըստ տրամաբանության՝ հենց պետության գլուխը պետք է բանակցի:
Այն, որ Արմեն Սարգսյանը ցանկացել է հանդիպել Արցախի ղեկավարությանը, կարող է վկայել, որ Արցախի խնդիրն ապագա նախագահի գործունեության ոլորտներից մեկն է լինելու:
Ճիշտ է, հայտնի չէ, թե ինչպես է ձեւակերպվելու բանակցությունների անցկացման մանդատը: Արցախի նախագահն ու խորհրդարա՞նը պետք է այդ լիազորությունները պատվիրակեն Հայաստանի նախագահին: Թե՞ այլ ընթացակարգ է նախատեսված: Իսկ միգուցե այս անգամ Ղարաբաղը հրաժարվի՞ Հայաստանին փոխանցել բանակցությունների մանդատը:
Սրանք հենց այնպես հարցեր չեն: Ձեւակերպումներից կախված է լինելու եւ ապագա կոնֆիգուրացիան, եւ հետեւաբար՝ բանակցությունների տրամաբանությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am