Մերձմոսկվայում տեղի ունեցած ողբերգության պատճառ կարող էր դառնալ հակասառցակալման ծածկույթի բացակայությունը: Նման կարծիք հայտնեց ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի կրկնակի ասպետ, Հայաստանի օդաչուների միության ղեկավար, ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Ան-148»-ի կործանումը:

Փորձագետը հիշեցրեց, որ մամուլում արդեն լուրեր են տարածվել օդանավում բռնկված հրդեհի եւ պայթյունի, տեխնիկական անսարքությունների, ռեդուկտորներում յուղի փոփոխման ժամանակացույցի խախտման մասին: «Սակայն կան տվյալներ, որոնց համաձայն ինքնաթիռի՝ գետնին բախվելուց առաջ շարժիչներն աշխատել են բնականոն ռեժիմով»,- ասաց Դմիտրի Աթբաշյանը:

Նրա խոսքով՝ հակառակը՝ կան տվյալներ առ այն, որ հակասառցակալման մշակում չի իրականացվել: Այս տարբերակի օգտին է խոսում ինքնաթիռի անկման սխեման` նորմալ թռիչք եւ անկում բարձրություն հավաքելիս: Միեւնույն ժամանակ, ինքնաթիռի կմախքի բեկորների ցրման լայն մակերեսը վկայում է այն մասին, որ օդանավում մինչեւ վայր ընկնելը կարող էր պայթյուն լինել:

Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Ան-148» ուղեւորատար ինքնաթիռը կործանվել էր կիրակի օրը Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ օդանավի անձնակազմի հետ կապը խզվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները մահացել են: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն Սերգեյ Ղամբարյանն էր: