Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը
Պարոն Մարգարյան, ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, անդրադառնալով ապագա նախագահի լիազորություններին, նշել է. «Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի քննարկեմ, երկրորդ՝ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, և երրորդ, բոլոր օրենքները դեռ տեղում չեն, այսինքն` քննարկել մի բան, որն ամբողջական չէ, կարող է քննարկվել որպես ակադեմիական»։ Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, ՀՀ նախագահի թեկնածուն արդեն որերորդ անգամ խուսափողական պատասխան տալիս իր ապագա լիազորությունների մասով հարցին։ Արմեն Սարգսյանը նաև խուսափել է պատասխանել հարցին, թե ով կառաջադրվի վարչապետի պաշտոնում։ Ըստ Ձեզ՝ Սեր Սարգսյանի գծած սցենարն իր համար դեռ անհա՞յտ է։
Արմեն Սարգսյանը բավական փորձառու գործիչ է, դիվանագիտական երկարատև տարիների աշխատանքի է եղել, եղել է արևմտյան քաղաքական միջավայրում, հետևաբար նրա գնահատականներն ընդհանրապես շատ զգույշ են: Դա կարելի էր նկատել իր բոլոր հանդիպումներից հաջորդած հարցազրույցներում ու մեկնաբանություններում: Երկրորդ՝ Արմեն Սարգսյանն, իհարկե, գիտի, թե զուտ իրավական ու սահմանադրական կարգավորումներով ինչպիսին են լինելու իր լիազորությունները որպես նախագահ նոր համակարգում: Նա այդ ամենը չէր կարող չիմանալ ու համաձայնվել գնալ այդ պաշտոնին: Այլ հարց է, թե ինչպիսին են լինելու նրա լիազորությունները քաղաքական իմաստով: Շատ է հնչում այն ձևակերպումը, թե պառլամենտական համակարգում նախագահի ինստիտուտն առավել սիմվոլիկ բնույթ է կրում: Սիմվոլիկ բառն ինքնին, սակայն, բավական դժվար է սահմանվում, մանավանդ քաղաքական գործունեության կոնտեքստում, որտեղ սիմվոլիզմի դերը կարող է բավական մեծ լինել: Այս իմաստով, չեմ կարծում, թե օրինակ Արմեն Սարգսյանը կարող էր բացառապես որպես քարացած արձան նախագահի դերում հայտնվելու համար գալ Հայաստան: Նկատի չունեմ, թե նա եկել է Հայաստանը բարեփոխելու: Նկատի ունեմ, որ ցանկացած գործիչ, երբ գնում է նման քայլի, մտքում ունի նաև սեփական դիրքի ու դերակատարման ամրապնդման ինչ-որ ամբիցիաներ:
Ինչքանով են այդ ամբիցիաներն իրացվում, այլ հարց է: Բայց իմանալով Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտի կառավարման տեխնոլոգիաները, կարելի է վստահ պնդել, որ նա ոչ միայն և ոչ այնքան սպառնում է, որքան համոզում ու կեղծ հույսեր ներշնչում: Արմեն Սարգսյանն այս իմաստով բացառություն չէ, նրան ևս ասվել է, որ նա Մեծ Բրիտանիայից գալով, իր փորձն ու գիտելիքները կարող է օգտագործել Հայաստանում մթնոլորտ փոխելու համար: Արմեն Սարգսյանն էլ առայժմ սպասում է, որպեսզի հասկանա, թե ինչպիսին է լինելու նրան հատկացվող ռեալ քաղաքական կշիռը և ինչ հնարավորություններ է ունենալու այդ կշիռը ավելացնելու համար:
«Ծառուկյան» խմբակցությունը ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանին։ Նրանք նշել են, որ Արմեն Սարգսյանի մոտեցումներն ու տեսլականը համապատասխանում են իրենց մոտեցումներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որն այժմ վերափոխվել է Ծառուկյան դաշինքի, հիմնադրման օրվանից սկսած մինչև հիմա երբեք ինքնուրույն քաղաքական սուբյեկտ չի եղել: Այդ ուժի ռեսուրսը քաղաքական նպատակների համար ծառայեցնող սուբյեկտները եղել են այդ ուժից դուրս՝ մի ժամանակ դա եղել է Ռոբերտ Քոչարյանը, այնուհետ Հովիկ Աբրահամյանը, հիմա էլ Սերժ Սարգսյանը: Այդ ռեսուրսի մոդերացիան իրականացրել է այն մարդը, ով Գագիկ Ծառուկյանին տվել է տնտեսական գործունեության արտոնություններ ու ազատություններ: Գագիկ Ծառուկյանին այդ սցենարը ձեռք է տալիս, նա մեծ հաշվով հենց գործարար է, ու բացառությամբ մեկ դեպքի, մնացած դեպքերում բեկումնային քաղաքական ամբիցիաներ չի ունեցել:
Ի վերջո, ՀՀԿ-ն ինչո՞ւ է ձգձգում վարչապետի թեկնածուի անունը հայտարարելը։ Պատճառն, ըստ Ձեզ, ՀՀԿ-ում եղած անորոշությո՞ւնն է, թե չեն ուզում մինչև ընտրություններ հանրային դժգոհություն առաջացնել։
Հասարակությունն արդեն բավական վաղուց իրենց չի հետաքրքրում: Խնդիրը ներքին է: Ինչպես նշել էր Արմեն Աշոտյանը, բոլորը կարծես թե գիտեն ինչ է լինելու, բայց սպասում են: Խնդիրը Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու մատուցելու մեջ է: Ըստ ժանրի կանոնների՝ ինտրիգը ձգձգվում է, հանդիսատեսը՝ այս դեպքում իշխանական վերնախավը, սրտատրոփ սպասում է: Պարզ է, որ այս պահին իշխանության ներսում Սերժ Սարգսյանը միանձնյա առաջատար է ու որևէ խոչընդոտ չունի: Բայց նա ու իր թիմը ցանկանում են Սարգսյանի վարչապետությունը մատուցել ոչ թե ուժեղի կանխատեսելի հաղթանակ, այլ որպես одолжение իշխող համակարգին՝ տողատակում ակնարկելով, որ եթե Սարգսյանը չլինի վարչապետ, դուք չեք կարողանա լինել քաղաքականության մեջ: Բազմաթիվ տարաձայնություններ հարուցելով իշխանության ներսում, Սերժ Սարգսյանը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ բոլորը ՀՀԿ-ում, այդ թվում Կարապետյանները ակամայից խնդրեն նրան դառնալ վարչապետ: Վերջին քայլն այդ իրավիճակը ստեղծելու համար Վիգեն Սարգսյանին որպես ժառանգորդ ներկայացնելու բլեֆն էր: Վիգեն Սարգսյանի չոր ու անհանդուրժող կերպարը վերստին ամրապնդեց Սերժ Սարգսյանի դիրքերը՝ բոլորը շտապեցին Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի սեր խոստովանել ու խնդրել, որ նա դառնա վարչապետ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am