Lragir.am-ը գրում է.

ՀՀԿ-ն կողմ է քվեարկել Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու ԵԼՔ դաշինքի առաջարկին: Դա անսպասելի է եղել անգամ դաշինքի համար:
Կասկած չկա, որ այդ թեմայով ՀՀԿ դիրքորոշումը՝ հայտարարության հարցն օրակարգ ընդգրկելու եւ քննարկելու վերաբերյալ, համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, հետեւաբար ԵԼՔ-ին անակնկալ մատուցել է Սերժ Սարգսյանը:
Մյուս կողմից, դա անակնկալ է ԵԼՔ-ի՞ն, թե՞ օրինակ Ռոբերտ Քոչարյանին: Իրատես թերթը գրում է, որ Շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախում տեղի ունեցած ընդունելությանը Ռոբերտ Քոչարյանի անսպասելի մասնակցությունից հետո ՀՀԿ-ն պատասխանեց Մարտի 1-ի թեմայով ԵԼՔ-ի լսումներին Սամվել Նիկոյանի ելույթով, որը հարցնում էր, թե երկրորդ նախագահը ինչի՞ հիման վրա էր հայտարարում ոստիկանների ուղղությամբ ցուցարարների կրակելու մասին: Իրատեսի գնահատմամբ, այդպիսով ՀՀԿ-ն հասկացնում էր Քոչարյանին, որ ապրիլին ընդառաջ ներկայիս կարեւոր փուլում դուրս չգա «թաքստոցից»:
Բայց արդյոք Մարտի 1-ն այն թեման է, որով Սերժ Սարգսյանը կարող է հարվածել Քոչարյանին, առանց բումերանգի էֆեկտից անհանգստանալու: Հազիվ թե:
Եվ հազիվ թե Սարգսյանին անհանգստացներ նաեւ Քոչարյանի հայտնվելն Արցախում: Այլապես դա ավելի շուտ կլիներ ոչ թե Քոչարյանի, այլ Արցախի իշխանության՝ Բակո Սահակյանի անակնկալը Սերժ Սարգսյանին, եւ այստեղ կլիներ ոչ թե Քոչարյանին, այլ Բակո Սահակյանին սաստելու կարիք: Միեւնույն ժամանակ, Բակո Սահակյանը հազիվ թե ցուցաբերեր այդպիսի «ըմբոստ» կամ «արկածախնդիր» պահվածք եւ Սերժ Սարգսյանի համար ապրիլյան կարեւորագույն այս փուլում գնար նրան այդպիսի անհարմարություն եւ անհանգստություն պատճառելու: Ըստ այդմ, իրավիճակը Արցախի հանդիսությունում անկասկած եղել է Սերժ Սարգսյանի համար վերահսկելի եւ կանխատեսելի:
Բայց այդ դեպքում Սերժ Սարգսյանին ինչի՞ համար է պետք քննարկել Մարտի 1-ը, քննադատության թիրախի տակ դնելով իշխանությանը, որտեղ հնչում են անդուր ելույթներ, հարցեր, գնահատականներ:
Բանը թերեւս այն է, որ այդպես գոլորշի է բաց թողնվում, երկու հետաքրքիր ուղղությամբ: Նախ, որքան շատ է խոսվում Մարտի 1-ի մասին եւ որքան շատ են տրվում հարցեր ու հարցադրումներ, որոնք ավելի ու ավելի կրկնվում են, սակայն չեն ստանում որեւէ նոր պատասխան, այդքան առավել տարածվում է «անզորության» գոլորշին: Մյուս կողմից, որքան շատ է խոսվում Մարտի 1-ի մասին, այդքան «բթանում» է իշխանության ուղիղ պատասխանատվությունը դրա համար, եւ ժամանակի ընթացքում սկսում են հնչել հարցեր նաեւ տվյալ ժամանակի ընդդիմության հասցեին:
Իսկ ընդհանուր առմամբ, Մարտի 1-ի մասին «հետահայաց» քննարկումներն ու խոսակցությունները ներկայում նպաստում են հասարակական միջավայրում առկա ագրեսիայի բավական շոշափելի լիցքերի այսպես ասած տեսականացմանը, ինչը իշխանության համար կարեւոր է անցման ներկայիս փուլում, որտեղ վճռվում է իշխանության հարցը:
Այստեղ խորքային առումով գործում է նաեւ «25-րդ կադրի» էֆեկտը, այն տեսանկյունից, որ քննարկումները հանրային ենթագիտակցության մեջ արթնացնում են նաեւ զգոնություն, զգուշավորություն՝ իշխանության նոր ուժի կիրառումից: Այդ «էֆեկտն» էլ ներկայիս փուլում իշխանության համար կարեւոր է, քանի որ նախորդ ամբողջ տասնամյակի ընթացքում հանրային գիտակցության ու ենթագիտակցության մեջ փորձ էր արվում սերմանել այն, որ իշխանությունն այլեւս չունի նոր Մարտի 1-ի ներուժ: Ընդ որում, այդ «տրենդին» նպաստում էր հենց ինքն իշխանությունը, քանի որ ընդհանուր առմամբ դա անհրաժեշտ էր Մարտի 1-ից հետո իշխանության նկարագրի հանդեպ նոր վերաբերմունքի ձեւավորման համար, թե ներսում, թե առավել եւս դրսում:
Ներկայում իհարկե դժվար է հանրությանն ասել, թե որեւէ ֆորս-մաժորային սցենարի տրվելու դեպքում, եթե հարկ լինի իշխանությունը պահելու համար գնալ թեկուզ նոր Մարտի 1-ի, ապա իշխանությունը հաստատ կգտնի դրա ներուժը:
Բայց նաեւ անհրաժեշտ է «ասել» դա, եւ թերեւս այդ իսկ նկատառումով ընտրվում է «25-րդ կադրի էֆեկտով» դա ներշնչելու տարբերակը, հանրությանը ենթագիտակցորեն բերելով զգուշավորության եւ ֆորս-մաժորային նախաձեռնություններին չտրվելու գիտակցության:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am