ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր՝ մարտի 5-ին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահը պանթեոնում նաեւ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ զուգահեռաբար բոլոր մարզերում այսօր կայանալիք «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ: