Մարտի 27-ի առավոտյան Կեմերովոյի բնակիչները մարզպետարանի շենքի մոտ տարերային հանրահավաք են կազմակերպել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունենցած հրդեհի պատճառով, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների, զոհվել է 64 մարդ:

«Ինտերֆաքսի» թղթակցի փոխանցմամբ՝ Խորհուրդների հրապարակում հավաքվել է ոչ պակաս 300 մարդ, սակայն տեսահեռարձակման կադրերից ակնհայտ է, որ հավաքված մարդկանց թիվն ավելի շատ է:

Նրանք իշխանություններից պահանջել են հրդեհի մասին ճշմարտությունն ասել, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի հրապարակված թվին: Մյուսները դժգոհ են, որ հրդեհի մարմանը փոքր թվով փրկարարներ են մասնակցել:

Երբ ցուցարարների առջեւ է դուրս եկել Կեմերովոյի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը, բազմությունը նրան դիմավորել է «Ճշմարտություն», «Հրաժարական», «Մարդասպաններ» վանկարկումներով:

Իրադարձությունների վայրից «Մեդուզան» հայտնում է, որ ցուցարարները պայմանավորվել են ինքնուրույն հաշվել առեւտրի կենտրոնի հրդեհի զոհերի թիվը՝ բնակիչները զոհվածների մասին տվյալները կուղարկեն ընդհանուր էլեկտրոնային հասցեով:

Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները պահանջել են, որ իրենց հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Կեմերովո է ժամանել մարտի 27-ին: «Ինչո՞ւ է թագավորը տաքուկ տեղում: Մենք նրան չենք ընտրել»,- վանկարկել են մարդիկ:

Կեմերովոյի քաղաքապետ Իլյա Սերեդյուկը բնակիչների նախաձեռնող խմբին ուղարկել է դիահերձարաններ, որտեղ նրանք կարող են համոզվել, թե առեւտրի կենտրոնում հրդեհից հետո քանի զոհվածի մարմին է տեղափոխվել այնտեղ: