«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղագծերի կապիտալ նորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են ՔԿՀ–ի լրատվական ծառայությունից։

Մինչ այդ, փաստորեն, ժամանակավորապես են ծածկել բաց կոյուղագծերը, մինչեւ որ մրցույթ հայտարարվի եւ հաղթող ընկերությունը սկսի աշխատանքները։

Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կոյուղին տարիներ շարունակ գործել է, այսպես ասած, բացօթյա, ինչի պատճառով շնչահեղձ էին լինում հարակից շենքերի բնակիչները, երեխաները զրկված էին բակում խաղալու հնարավարությունից։

Այս խնդիրը համապատասխան ատյանների օրակարգում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը կոյուղաջրով տարաներով ներկայացավ նիստին եւ այն փորձեց փոխանցել Տարոն Մարգարյանին։ Վերջինս էլ տարաներից խիստ վախեցած հայտարարել էր յուրայիներին, որ «Երկիր ծիրանի»–ի անդամների «դեմն առնեն»։ ՀՀԿ–ականները հարձակվել էին կանանց վրա եւ նրանց ծեծելով դուրս բերել դահլիճից։

Այս ամոթալի դեպքից հետո միայն քաղաքապետարանը եւ Արդարադատության նախարարությունը ստիպված եղան զբաղվել տարիների վաղեմություն ունեցող խնդրի լուծմամբ։