Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած երեխան ծնվել է Աբովյան քաղաքի ծննդատանը` 01.04.2018թ.: Ինչպես տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ծննդաբերությունից 20 օր առաջ մոր մոտ սկսվել է արյունահոսություն, ստացել է բուժում, սակայն 01.04.2018թ. 31 շաբաթական ժամկետում ծանր արյունահոսություն է վերսկսվել ընկերքի շերտազատման պատճառով, կյանքի ցուցումներով կատարվել է կեսարյան հատում, երեխան ծնվել է 1700 գրամ քաշով և անմիջապես կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որից հետո նորածինը ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

01.04.2018թ. ժամը 18:50 ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում` շնչական խանգարումների համախտանիշ, շնչական անբավարարություն ΙΙ0, ուղեղային իշեմիա, վիճակ վերակենդանացումից հետո, անհաս տղա 31 շաբաթական, շատ ցածր քաշով: Միացվել է NCPAP սարքը, ստացել է համապատասխան ինտենսիվ համալիր բուժում: Բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի կողմից ծնողներին մանրակրկիտ բացատրվել է երեխայի կրիտիկական վիճակում լինելը և որպես հնարավոր հետևանք մահացու ելքը:

03.04.2018թ. ժամը 3:30 սահմաններում դիտվել է վիճակի կտրուկ վատացում, շնչական անբավարարության խորացում: Կատարվել է շնչափողի մեջ խողովակի տեղադրում, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, հայտնաբերվել է ձախակողմյան սպոնտան պնևմոթորաքս (անհաս երեխայի մոտ թերզարգացած թոքերի կողմից ամենահաճախ հանդիպող բարդություն): Կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում և միացվել է արհեստական շնչառության սարքին, սակայն հարաճող շնչական և սիրտ-անոթային անբավարարության պատճառով երեխայի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Ծնողները դիմել են իրավապահ մարմիններին և դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: