Պառնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող՝ հանրությանը հայտնի «Դարիկնոց» գիշերային ակումբի կին սեփականատիրոջ գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրանքի՝ 65-ամյա Դարիկո Պ.-ն իր գիշերային ակումբում որպես մերկապարուհի-մարմնավաճառ աշխատող երկու կամ ավելի անձանց օգտագործելով, պոռնկությամբ զբաղվելու համար գույքային օգուտ ստանալու նպատակով վերջիններիս պարբերաբար այլ կացարան` ակումբին կից օժանդակ շինություններում գործող առանձնասենյակներ է տրամադրել:

Դարիկո Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ մանրամասներ էր հաղորդել: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում գիշերային շոու-ծրագրերի ներքո 6 պարուհիները մատուցում են նաեւ սեքսուալ բնույթի ծառայություններ, որի համար ակումբի սեփականատերը՝ Երեւանի 65-ամյա բնակչուհին, ստեղծել է անհրաժեշտ պայմանները՝ նախատեսելով հարմարավետ առանձնասենյակներ։ Նախնական տվյալներով՝ պարուհի-մարմնավաճառներն ակումբի նախասրահում վարձատրման շուրջ համաձայնության են եկել հաճախորդների հետ, ապա՝ նախապես պայմանավորված մասնաբաժինը՝ պահանջված գումարի կեսը, հատկացրել ակումբի տնօրենին, իսկ մնացած մասը պահել իրենց։

Օրենքով սահմանված կարգով ակումբում կատարված խուզարկության ընթացքում ակումբի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է հաճախորդը՝ պարուհու հետ։