«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք նստել են փողոցում եւ թույլ չեն տալիս մեքենաներին առաջ շարժվել:

Մարդիկ բողոքում էին, որ աշխատանքի ու դասի են շտապում, սակայն Փաշինյանը նրանց ասաց, որ ներողություն է խնդրում անհարմարության համար, բայց իրենք քաղաքական ակցիա են իրականացնում: «Մենք ներողություն ենք խնդրում այն քաղաքացիներից, որոնց համար անհարմարություն ենք ստեղծում: նեն ա յս փոքրիկ անհարմարություններով ավելի մեծ անհարմարությունից ենք փորձում ձեզ ազատել ավելի մեծ անհարմարությունից, որի անունն է Սերժ Սարգսյան եւ ՀՀԿ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, շուտով կփակվեն նաեւ այլ փողոցներ: Փաշինյանի աջակիցները նստարանները Ֆրանսիայի հրապարակից բերեցին Բաղրամյան պողոտա:

Ոստիկանությունն իր հերթին շղթա կազմեցին եւ արգելափակոցներով փակեցին դեպի Մոսկովյան տանող փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: