Վեջին շաբաթների ընթացքում երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ժամ առ ժամ նոր զարգացումներ են գրանցում: Ինչպես հայտնի դարձավ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից երեկ արված հայտարարությունից՝ Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրությունների ընթացքում վարչապետի թեկնածու չի առաջադրի:

Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին:

Արդեն այսօր առավոտյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ըստ որի՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, եթե ԱԺ երեք խմբակցություններն ունենան միասնական թեկնածու, ապա ՀՀԿ-ն որևէ խոչընդոտ չի ստեղծի այն անձի համար, որին կանվանեն ժողովրդի թեկնածու:

Միաժամանակ երեկ հանրության լայն զանգվածներն անհամբերությամբ սպասում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովի հնչեցվելիք հայտարությանը, որով պարզ դարձավ՝ ԲՀԿ-ն չի առաջադրի վարչապետի սեփական թեկնածությունը և այդ պաշտոնում կպաշտպանի ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ 168.am-ը լսել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մեկնաբանությունը.

«Անկասկած, Հանրապետական կուսակցությունը կցանկանար Փաշինյանին հակակշռող թեկնածու առաջադրեր, բայց ինչպես պարզ դարձավ այդ կուսակցության տարածած պաշտոնական դիրքորոշումից, նրանք պարզապես ռեսուրս չունեն: Նրանց միակ ռեսուրսը մնում է՝ պայմանավորվել և ժամանակ ձգել՝ պատրաստվելով ԱԺ արտահերթ ընտրություններին»:

Կարեն Վարդանյանը բացառում է մամուլում շրջանառության մեջ դրված այն վարկածը, որ ԱԺ-ում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները քվորում չապահովելու ճանապարհով կարող են խափանել մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունները՝ այսպիսով լուծարելով Ազգային ժողովն ու նոր ընտրություններ նշանակելով, որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում ավելի մեծ թափով կբոյկոտեն այդ ընտրությունները.

«Նման բան տեղի չի ունենա: ՀՀԿ-ն արդեն հանձնվել է և ակնհայտորեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան որոշակի ժամանակ անց, ասենք՝ մեկ կամ երկու տարի անց, այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նախկինում էր, կշարունակվի նույն կերպ՝ Ազգային ժողովը կհաստատի այն ամենը, ինչ իրեն կներկայացնի Կառավարությունը, մինչև կտեսնենք, թե ինչ կլինի: Մեկ բան պարզ է՝ մեզ սպասվում է գեոքաղաքական և տնտեսական ծանր տարի»:

Անդրադառնալով ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկ հայտնած դիրքորոշմանը, Կարեն Վարդանյանը նկատում է՝ այն ուղղությամբ, որ փչում է քաղաքական քամին, այդ ուղղությամբ էլ սովորաբար պայմանավորված է լինում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը:

Միաժամանակ Կարեն Վարդանյանն ընդգծում է՝ վերջին օրերին ակնհայտորեն ակտիվացած այլ քաղաքական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, նույնպես տենդագին որոնում էին վարչապետի իրենց թեկնածուին, ով Նիկոլ Փաշինյանին զուգահեռ՝ մեկ այլ հակակշիռ կլիներ քաղաքական դաշտում.

«Պարզապես այդ մարդիկ իրականում չափազանց հեռու են քաղաքականությունից՝ պատմության աղբանոցում հայտնված, բայց իրենց խելքն այնքան կարճ է, որ կարծում են, թե դեռ կարող են ինչ-որ գործողություններ ծավալել»:

Ստեղծված իրավիճակից հնարավորինս արդյունավետ և անցնցում դուրս գալու ելքը Կարեն Վարդանյանը տեսնում է՝ բավարարելով Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր վարչապետ դառնալու ցանկությունը, ինչը, ըստ մեր զրուցակցի՝ արդեն ակնհայտ իրողություն է դառնում: