Lragir.am-ը գրում է.

Ծառուկյան դաշինքն ու ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո աջակցություն են հայտնել համաժողովրդական շարժմանը եւ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն Ազգային ժողովում: Ծառուկյան խմբակցության պատգամավորների քանակը հնարավորություն է տվել երկրորդ անգամ առաջադրել Նիկոլին վարչապետի պաշտոնում: Շարժմանն ու Նիկոլին աջակցություն է հայտնել նաեւ ՀՅԴ-ն:
Ծառուկյան դաշինքի աջակցությունն իսկապես կարեւոր էր, եւ դա արձանագրվել է բոլորի կողմից: Միեւնույն ժամանակ, դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե իրենք չմիանային, շարժումը չէր հաղթի:
Ճիշտ է, ինքը Ծառուկյանը ժամանակին զգաց այս սխալը եւ Մարիոտում Նիկոլի հետ բանակցելուց հետո հայտարարեց, որ ժողովուդը հաղթել է, եւ իրենք պարտավոր են լինել ժողովրդի հետ ու կատարել նրա պահանջը:
Սա ամենակարեւորն է՝ գիտակցել, որ բոլորը, ովքեր հավակնում են հասարակական-քաղաքական դերակատարության, պետք է ծառայեն ժողովրդին եւ նրան լավություն չեն անում, եթե միանում են շարժմանը կամ աջակցում: Դա նրանց պարտականությունն է:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ հավասարապես կիսում են Հայաստանում իշխանության ուզուրպացիայի, սահմանադրական կարգի ու ընտրական մեխանիզմների տապալման, քրեական կարգի, հանրության իրավունքների ոտնահարման եւ համակարգային այլ հանցագործությունների պատասխանատվությունը:
Շարժումը, միեւնույն ժամանակ, յուրահատուկ լյուստրացիա է այս առումով, եւ կուսակցությունները պետք է վերադարձնեն իրենց պարտքը հանրությանը՝ տասնամյակներով նրա խնդիրների հաշվին մակաբուծելու համար:
Ոմանք գուցե սա հասկացել են, ոմանք՝ համառորեն ոչ, ովքեր հայտարարում են, թե ընդդիմություն են դառնալու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նման անհեթեթություն կարող է ծնվել միայն ծայրաստիճան դեգրադացված միջավայրում, քանի որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իշխանություն-ընդդիմություն տիրույթի, այլ ներկայիս համակարգային խնդիրները լուծելու մասին է:
Ներկայում օլիգարխիայի կուսակցություններն ու մարդ-կուսակցություններն անորոշ ու ցայտնոտային վիճակում են՝ հանձնված հանրության ողորմածությանը։ Նոր իշխանությունը պետք է արագ ընդունի երեք կարեւորագույն, առանցքային օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք եւ Սեփականության մասին օրենք: Հակառակ պարագայում համակարգային փոփոխությունները կարող են վտանգվել: Սերն ու համերաշխությունը լավ բան են, բայց դա իսկապես կարող է իրականություն դառնալ միայն այս օրենքներն ընդունելուց հետո:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am