Քիչ առաջ կառավարության շենք ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրան շենքի մոտ հավաքված քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Փաշինյանին մոտեցավ Էմմա Հարությունյան անունով Կապանի մի բնակչուհի եւ ներկայացրեց իր խնդիրը: Նա պատմեց, որ 7 տարի առաջ որդին անհետացել է եւ իրավապահ մարմինները նրան ասում են, որ անհետ կորած է, բայց ինքը չի հավատում այդ վարկածին:

Նիկոլ Փաշինյանը զանգահարեց արագ արձագանքման օպերատիվ խմբին, տվեց կնոջ անունը եւ հրահանգեց այդ խնդրով զբաղվել: Շենքի մոտ հավաքված խուլերի միավորման անդամները եւս ներկայացրին իրենց խնդիրը: Փաշինյանը լսեց նաեւ նրանց, մեկ այլ քաղաքացուց նամակ վերցրեց, ապա մտավ կառավարության շենք:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 11-ին, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում կանցկացնի կառավարության առաջին նիստը: Նշենք, որ այս պահին նախարարնե նշանակված չեն, բոլորը պաշտոնակատար են: