Ես սա կարող եմ բնութագրել որպես ժողովրդին իշխանության վերադարձի գործընթաց: Սա նաեւ երկրի բնակիչների ցանկությամբ իշխանափոխություն էր, ինչպես նաեւ առանց բռնության «թավշյա», ժողովրդական հեղափոխություն: Գործընթացը եւ վարչապետի պաշտոնում իմ ընտրությունը եղել են Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Այս մասին DW-ի «Նեմցովա: Ինտերվյու»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է բնութագրել Հայաստանում տեղի ունեցածը:

«Չնայած չի կարելի այս հեղափոխությունը «գունավոր» որակել: Ենթադրվում է, որ համանման իշխանափոխության հետեւում մեծ աշխարհաքաղաքական ենթատեքստ կա: Մինչդեռ մեր դեպքում սա Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքով սկսված ներքին գործընթաց էր: Մեզ համար սա ազգային արժանապատվության հարց է, իսկ ինձ համար՝ անձնական արժանապատվության: Եվ չեմ կարծում, որ դրսից ինչ-որ մեկը, նշանակություն չունի ով եւ որտեղից, պետք է լուծեր Հայստանի ներքաղաքական հարցերը»,- նշել է Փաշինյանը:

Ի պատասխան հարցին՝ հեղափոխությունները, որոնք կատարվել են նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մյուս հանրապետություններում, այլ բնույթի են եղել, Փաշինյանը նշել է. «Իհարկե: Այդ հեղափոխություններից հետո մենք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ ենք տեսել: Իսկ մենք ասացինք, որ կշարունակենք Հայստանի արտաքին քաղաքականությունը, զարգացնել ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունները, ե՛ւ հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի հետ: Մեր արտաքին քաղաքականության վեկտորը մնում է նույնը, ինչպիսին էր մինչ հեղափոխությունը»:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի դեպքում Վլադիմիր Պուտինը չմիջամտեց երկրում տեղի ունեցող իրադարձություններին, վարչապետը նշել է. «Հայաստանը Հայաստանն է: Ես կարծում եմ, որ մեր պետության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մեր ինքնիշխանությանը մեծ անհանգստությամբ ենք վերաբերվում»: