Սուպերմարկետների «ապստամբությունից» հետո, երբ հայտարարվել էր գյուղմթերքի թանկացման մասին, Նիկոլ Փաշինյանը շրջել էր խանութներով ու լուսանկար տեղադրել Քարֆուր սուպերմարկետից, գրառելով՝ պատահական մտա Քարֆուր եւ տեսա այսպիսի վիճակ: Իսկ «այսպիսի» վիճակը չփոխված, իսկ որոշ մթերքների դեպքում՝ նվազած գներն էին:

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բոյկոտել թալանչիներին ու կոռուպցիոներներին, նկատի ունենալով սուպերմարկետները, եւ երեկ առեւտրային ցանցերը հայտարարեցին, որ գները չեն բարձրացնելու:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ռոսիա մոլում բացվելու է Քարֆուրի եւս մեկ խանութ: Մինչ այդ Երեւանում գործում էր համաշխարհային այդ հսկա ցանցի միայն մեկ խանութ, որի բացման պատմությունը խիստ հատկանշական էր հայկական իրականության համար: Այդ խանութը բացվեց 2015-ի մարտին, եռամյա սկանդալային ոդիսականից հետո: Պարզվել էր, որ Քարֆուրի բացմանը խոչընդոտում էր Հայաստանի ներկրող եւ սուպերմարկետային օլիգարխիան: Բանն այն է, որ Քարֆուրն ունի իր գնային եւ ներկրումների յուրահատուկ քաղաքականություն, որը չէր տեղավորվում հայկական տնտեսա-քաղաքական համակարգի կանոնների ու քվոտաների մեջ:
Այս իրավիճակն այնքան ցցուն էր, որ նույնիսկ Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններն էին պարբերաբար հարցնում՝ ի՞նչ եղավ Քարֆուրը: Բոլորն իհարկե գիտեին, թե ինչ է կատարվում, բայց դա մի հարց էր, որը «կտրում» էր բոլոր մյուս հարցերը:
Քարֆուրը պետք է բացվեր Սամվել Կարապետյանի «Դալմա» առեւտրի կենտրոնում, բայց ի վերջո այնտեղ բացվեց Լֆիկ Սամոյի Սիթին: Ի վերջո, այն բացվեց Երեւան մոլում, որն ըստ մամուլի պատկանում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: Սակայն երեւի դա էլ տեղի չունենար, եթե Երեւան այցելած Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը չբարձրացներ այդ հարցը:
Այնուամենայնիվ, ժամանակը ցույց տվեց, որ ներկրող օլիգարխիային հաջողվել էր «զսպել» Քարֆուրին, մրցակցությունը բացառելու համար: Քարֆուրը կար, բայց առանձնապես «բան չկար»:
Եվ ահա, կառավարություն-թալանչիներ դիմակայության օրերին տեղեկություն է հայտնվում Քարֆուրի նոր խանութի մասին, Սուքիասյաններին պատկանող Ռոսիա Մոլում: Սա արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանում փոխվում են խաղի կանոնները:
Ի դեպ, մինչ սուպերմարկետները հազարավոր ԱՁ-ներ էին բացում շրջանառության հարկ վճարելու համար, խուսափելով ԱԱՀ-ից, Քարֆուրը բոլոր այս տարիներին աշխատել է 20 տոկոս ԱԱՀ-ով: Դա նշանակում է, որ հայկական ցանցերի պնդումները գները թանկացնելու մասին համոզիչ չեն: Ավելին, դրանք հանցավոր պայմանավորվածությունների արդյունք են:
Ի դեպ, չի բացառվում, որ առեւտրային ցանցերի դիմադրությունը զգալիորեն կոտրվել է նաեւ Քարֆուրի ընդլայնման հեռանկարից:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am