Կան արդեն պատկերացումներ, բայց դրանց մասին կխոսենք, երբ կառույցը կունենա կառուցվածք, կանոնադրություն. դրանից հետո վարչապետի հետ միասին առաջնահերթությունները սահմանելու ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Իմ նախնական ուսումնասիրությունների արդյունքում, ինձ համար պարզ են, թե ինչ կառույցներ կան, որոնք օր առաջ պետք է ստուգվեն»,-ասաց նա:

Սանասարյանը չցանկացավ նշել, թե որ կառույցն է համարում ամենակոռումպացվածը. «Ուզում եմ ոչ թե ասել՝ այսինչ կառույցն ամենակոռումպացվածն է, այլ ուզում եմ ուսումնասիրության արդյունքում այսինչ կառույցը այս-այս խնդիրներն է ստեղծել պետության համար»:

Հարցին, թե բուհերում արդեն ստուգումներ սկսե՞լ է, ինչպես խոստացել էր, Սանասարյանը պատասխանեց, որ ինքը դեռ լիազորություն չունի ուսումնասիրություն սկսելու, քանի դեռ կառույցը դեռ միայն նախագահ ու տեղակալներ ունի, իսկ աշխատողներ չունի:

«ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք, մրցակիցներ չենք: Ես ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն ավելի շատ բացահայտումներ անի»,-ընդգծեց նա: