Lragir.am-ը գրում է.

Ինչ հետեւանքի կբերի Հայաստանի իշխանության փաստացի հրաժարումը բանակցությունից, հարց է տվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, անդրադառնալով Արցախը բանակցային կողմ հայտարարելու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, որ հնչել էր մայիսի 9-ին եւ որը նա վերհաստատել էր նաեւ հունիսի 7-ին կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս:
Այս հարցը դարձել է մեծ քննարկումների առարկա Հայաստանում, թերեւս ավելի շատ, քան որեւէ այլ տեղ: Ընդ որում, հետաքրքիր է քննարկումների տրամաբանությունը: Այսինքն, խոսքը նույնիսկ քննարկումների մասին չէ, այլ խուճապի, խուճապահար արձագանքների, որոնց տրամաբանությունը հետեւյալն է՝ այսինքչ արեց Փաշինյանը, ինչպես ենք դուրս գալու այդ ամենի տակից:
Սա հայաստանյան հասարակական-քաղաքական «գերիշխող» մտքին բնորոշ դրսեւորում է: Այդ տրամաբանության հետեւանքով Հայաստանը կարգավորման գործընթաց կոչվածի երկու տասնամյակի ընթացքում պարտադրված պատերազմի հաղթողից աստիճանաբար վերածվել է պաշտպանվող, արդարացող կողմի: Պատճառները շատ են, այդ թվում ներքին կառավարման որակի ու տրամաբանության մեջ, սակայն խորքային առումով բուն պատճառն այն է, որ եղել է խուճապային վախ սեփական շահն ու անվտանգությունը, սեփական դիրքորոշումը ձեւակերպելու եւ աշխարհին ներկայացնելու առումով:
Տողատակում, իսկ շատ հաճախ էլ բաց տեքստով, դիտարկվել է այն, որ այդպես ներկայանալը, սեփական դիրքորոշումը եւ անվտանգության խնդիրները հստակ շարադրելը աշխարհում կդիտվի «ըմբոստություն», «հանդգնություն» եւ «ռազմատենչություն»: Այդ իսկ պատճառով Հայաստանը ստանձնել է «խախաղասերի», «հնազանդի» դերը, բանակցային գործընթացը սկսելով արդեն իսկ իր դիրքի ու հաղթանակի մի մասի նկատմամբ Ադրբեջանի «իրավունքը» ճանաչած:
Տարիների ընթացքում այդ հանգամանքը խորացել է: Փոքր ինչ թուլացնող էֆեկտ է ունեցել 1998-ի թավշյա հեղաշրջումը, սակայն ոչ սկզբունքորեն, որովհետեւ տեղի է ունեցել ոչ թե համակարգային փոփոխություն, այլ ընդամենը դեմքերի, իշխանության թեւերի փոփոխություն:
Այդուհանդերձ, դա թուլացրել է ճնշումը Հայաստանի վրա, առժամանակ: Հետագայում սակայն ճնշումը վերստին ուժեղացել է, ընդհուպ Կազանի պլանի, որն ընդունել է Սերժ Սարգսյանը եւ իր իսկ խոստովանությամբ դրանում եղել է համաձայնությաւն տարածք հանձնելու մասով, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: Սերժ Սարգսյանի հույսն անկասկած եղել է այն, որ Ադրբեջանը կմերժի, կամ Ռուսաստանի հովանու ներքո համաձայնությունը կտորպեդահարեն ԱՄՆ ու Ֆրանսիան, նաեւ Իրանը, որպեսզի արցախյան գոտում չհայտնվեն ռուս խաղաղապահներ:
Այդ մասով հաշվարկն իհարկե արդարացել է, սակայն մասամբ, որովհետեւ Ադրբեջանին զիջված «տարածքների» կամ «պատերազմի» իրավունքը գործել է անընդհատ եւ հասունացել ընդհուպ ապրիլյան քառօրյա, որի սանձազերծումը գործնականում չի արժանացել որեւէ համանախագահի հստակ դատապարտման, այդ թվում Հայաստանի ռազմավարական դաշնակցի:
Կասկած չկա, որ հայկական կողմի դիրքորոշումների սկզբունքային փոփոխության բացակայությունը տարիների ընթացքում, ուշ, թե շուտ՝ իսկ աշխարհում ժամանակը հիմա բոլոր առումներով է ավելի արագացել, դարձյալ բերելու է Ադրբեջանի «իրավունքի» վերհաստատման:
Այդ ծուղակից դուրս գալու առումով թավշյա արդեն ոչ թե հեղաշրջումը, այլ հեղափոխությունը Հայաստանի համար պատեհ ու պատմական հնարավորություն է, թե գործընթացի քաղաքական մթնոլորտի ճնշումը թուլացնելու, թե դիրքորոշման եւ սեփական շահի ու անվտանգության ձեւակերպման հարցում սկզբունքորեն նոր մոտեցումների անցնելու առումով:
Դա մեկ օրում, մեկ ամսում եւ գուցե մեկ տարում անելիք չէ, սակայն գործընթացը պետք է սկսել, այլապես պահը բաց թողնելու դեպքում նորը կարող է շատ ուշանալ, նույնիսկ ճակատագրորեն:
Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը մեկնարկը տվել է բավականին հստակ եւ նույնիսկ զարմանալի էլ չէ, որ հին մտածողությունը խուճապի մեջ է՝ տարբեր դրսեւորումներով: Բանն այն է, որ խորքային առումով համակարգային արատները չէին կարող անմասն լինել նաեւ արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերից: Հետեւաբար, որքան խուճապ եւ անհանգստություն կարող են առաջացնել ներքին վերափոխումները, նույնքան էլ՝ արտաքին:
Իրականում, Հայաստանը չի հրաժարվում բանակցությունից եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույնիսկ հակառակը՝ պատրաստ է հանդիել Ալիեւին: Արցախի կողմ լինելու մասին հայտարարությունը վերջնագիր չէ, այլ հստակեցում: Ընդ որում նաեւ յուրօրինակ շեշտադրումով՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսով փաստորեն պատասխանատվություն է ստանձնում նաեւ Արցախի ու Հայաստանի հասարակությունների առաջ: Իսկ այդ պատասխանատվությամբ բարձրացնում է հասարակությունների դերը կարգավորման գործընթացում, դրանով իսկ նաեւ ամրացնում Հայաստանի դիրքն ու կշիռը, ցույց տալով, որ գործ ունեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հասարակության առաջ նրա պատասխանատվության, այսինքն ամբողջ հասարակության հետ:
Եվ այդ հանգամանքը ամենեւին հայկական կողմի կոշտացում կամ ռազմատենչություն չէ, այլ ընդամենը անվտանգության եւ ինքնապաշտպանության բնական զգացումի տրամաբանական դրսեւորում պետական քաղաքականության շրջանակում:
Թյուրընկալում կամ նենգափոխում է դա ռազմատենչություն կամ ագրեսիվություն որակելը: Դա ընդամենը Ադրբեջանի պատերազմահենությունը զսպելու նվազագույն անհրաժեշտ դիրքորոշումն է: Ստիպված դիրքորոշումը, որ պետք է ունենա Հայաստանը, ինչպես ստիպված պատերազմական ռեժիմը, որ Երեւանն ու Ստեփանակերտը պարտադրված կրում են արդեն քսան տարի՝ հանուն թե սեփական, թե նաեւ ռգեիոնալ ու միջազգային անվտանգության համար: Ու մտածել, թե աշխարհին այդ հանգամանքը հստակ ներկայացնելը խնդիր է, վտանգ, իսկ հակառակը՝ ոչ, հակառակը՝ անվտանգություն, գործնականում մոլորություն է կամ ինքնախաբեություն:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am