Կառավարությունը ունի բարձր վստահության ցուցանիշ եւ այս առումով խնդիր չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելուն:

«Մեր դիրքորոշումը քննարկվել է կուսակցությունում եւ Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը եղել է հետեւյալը՝ հետաձգել որոշումը եւ քննարկումների միջոցով կողմերին բերել ընդհանուր համաձայնության եւ գտնել լուծումներ: Կա կարծիք, որ եթե պարտադիր բաղադրիչը չլինի, համակարգը չի աշխատի, սա լուրջ խնդիր է: Հետաձգման դեպքում հնարավոր էր, որ մենք կորցնենք միջազգային երկու մեծ դոնոր օպերատորներին»,-ընդգծեց Մարուքյանը՝ հավելելով, որ ովքեր դեմ են եղել պարտադիր բաղադրիչին, շարունակում են դեմ լինել:

Ինչ վերաբերում է կառավարության նիստում այդ հարցի վերաբերյալ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ սուր բանավեճին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ բնական է, որ նման վիճահարույց թեմայի շուրջ լինում են թեժ քննարկումներ:

«Ես Փաշինյանի հետ մեկ տարի աշխատել եմ եւ չի եղել դեպք, որ Փաշինյանը որեւէ կարծիք չհանդուրժի: Մեկ կառավարության աշխատանք է եւ պետք է թիմային հանդես գան, կամ բոլորով կողմ են, կամ բոլորով դեմ: Վարչապետի ասածը թիմային պատասխանատվության մասին է»,-ընդգծել է Մարուքյանը: