Լragir.am-ը գրում է.

Մոսկվա այցի շրջանակում հարցազրույց տալով Ռաշա Թըդեյ հեռուստաընկերությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է գազի ցածր սակագին: Ըստ Փաշինյանի, Հայաստանի համար գինը բացառիկ ցածր է, սակայն մենք ակնկալում ենք ավելի ցածր: Միաժամանակ Փաշինյանն ասել է, որ խնդիրը նաեւ Հայաստանի ներսում է, երբ գինը սահմանի վրա ցածր լինելով, հայաստանցիների բնակարան հասնում է գրեթե կրկնակի թանկ:

Հայաստանում գազի գնագոյացման խնդիրը մշտապես գտնվել է հանրային եւ քաղաքական կասկածների տիրույթում: Ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ գազի սահմանային ցածր գինը բնակարան հասնում է գրեթե կրկնակի թանկացած այն պատճառով, որ գնագոյացումը ունի կոռուպցիոն ռիսկեր, որ գազամատակարարման մենաշնորհ ունեցող Գազպրոմ Արմենիան կառավարվում է ոչ էֆեկտիվ:


Իրավիճակը իսկապես հետաքրքիր է: Ներկայում Հայաստանը գազ գնում է ռուսական Գազպրոմից, որն այն հասցնում է մինչեւ սահման: Սահմանից այս կողմ գազը դարձյալ տնօրինում է Գազպրոմը, բայց արդեն անուղղակի, որովհետեւ դե յուրե տնօրինողը Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ կարգին ենթակա Գազպրոմ Արմենիա ընկերությունն է: Գազպրոմը դրա 100 տոկոսի սեփականատերն է, բայց գազի ներքին գինը որոշում է արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ Գազպրոմ Արմենիայի ներկայացրած հայտը քննելով:

Մինչ այժմ եղել է համոզում, որ հանձնաժողովը իրականում ոչինչ էլ չի քննել լրջությամբ, այլ ընդամենը կնքել է քաղաքական մակարդակում կայացված որոշումները, որոնք էլ կայացվել են ադեն իշխող համակարգի տրամաբանության շրջանակում: Թե ինչպիսին է եղել այդ տրամաբանությունը, հանրությունը բավական ընդգծված կերպով տեսավ խոշոր սուպերմարկետների գործի պարագայում, որ հրապարակում հայտնվեց ԱԱԾ նախաձեռնությամբ:

Իշխող համակարգի բոլոր խոշոր տնտեսա-քաղաքական համաձայնություններն ու սխեմաները գծվել եւ աշխատել են այդ տրամաբանությամբ: Դիցուք, գազի պարագայում, Գազպրոմ Արմենիան կամ հնում Հայռուսգազարդը հայտարարում են Հայաստանի գազաֆիկացվածության բացառիկ մակարդակի՝ 99 տոկոսի մասին: Իսկ դա էլ մատուցվում է իբրեւ սակագնի բաղադրիչ:

Բայց առաջանում է հարց՝ իսկ կա՞ր 99 տոկոս գազաֆիկացման հանրային եւ առեւտրային անհրաժեշտություն, գնողունակություն, պահանջարկ եւ այլն: Մինչդեռ, Հայաստանում եղել է մի հետաքրքիր երեւույթ՝ գազային այդ կազմակերպությունը գործող իշխանության համար կատարել է նախընտրական գործիքի դեր, ինչի վկայությունն այն է, որ այդ իշխանության նախագահի թեկնածուների նախընտրական խոստումներում եղել է այնպիսի մի երեւույթ, ինչպիսին գազաֆիկացումն է:

Հետո այդ նախընտրական ծրագրերի համար փաստացի վճարել է սպառողը:

Ներկայում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունը եւ կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման գործընթացը անխուսափելիորեն պետք է հասնի նաեւ գազային ոլորտ, որը նախորդ համակարգում ուներ թերեւս համակարգային սխեմաների շարքում «սրբություն սրբոց» կարգավիճակ:

Ըստ այդմ իրավիճակը դառնում է բավական նուրբ ու բազմաշերտ, որովհետեւ առաջանում է նախկին սխեմաների շուրջ համաձայնություններում ռուսական Գազպրոմի մասնակցության հարցը, թեկուզ համաձայնության տեսքով: Ավելին, դա եղել է զուտ Գազպրոմի՞, թե ավելի բարձր՝ Կրեմլի մակարդակում: Մի բան թերեւս հստակ է, որ չէր կարող առանց դրա Հայաստանում գործել նախկին սխեման:

Պատահական չէ, ի դեպ, որ երբ Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանն ու կար նրան այսպես ասած վարկանիշային արագ միավոր բերելու խնդիր, առաջինը գազի գնի իջեցումն էր, բայց հետաքրքիր սխեմայով՝ ոչ թե վերանայվեց գնագոյացման մեխանիզմը, այլ հայտարարվեց, որ գազի գնի իջեցման ծանրությունն իր վրա է վերցնում Գազպրոմը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գազի գնի հարցը Պուտինի հետ քննարկել է Սոչիի հանդիպմանը: Մոսկվա այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել վարչապետ Մեդվեդեւի հետ, որը ռուսական իշխանությունում այսպես ասած գազպրոմյան գիծն է: Չի բացառվում, որ Պուտինը տվել է իր հավանությունն ինչ որ հարցում, դետալները հորդորելով քննարկել արդեն Մեդվեդեւի հետ:

Հարցն այն է, թե ինչ շեշտադրումով է քննարկումը՝ կվերանայվի՞ սխեման եւ գազի գնագոյացման մեխանիզմը ընդհանրապես, ու Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ի վերջո լիարժեք կսկսի կատարել իր սահմանադրական գործառույթը, եւ կվերանա գնագոյացման հանդեպ հանրային անվստահությունը: Թե՞ խոսք է գնում այն մասին, որ Գազպրոմը մի փոքր էլ իր վրա վերցնի սակագնի նվազման ծանրությունը՝ մեծահոգաբար, իսկ Հայաստանի նոր կառավարությունը դրա դիմաց համաձայնի չխախտել, չվերանայել Հայաստանում Գազպրոմի գործունեության տրամաբանությունը, չզննել 2013 թվականի դեկտեմբերին Գազպրոմի հետ նախորդ իշխանության կնքած պայմանագիրը, որը խորհրդարանում ընդունվեց մեծ աղմուկով եւ կասկածելի պայմաններում:

Նյութի աղբյուրը` Լragir.am