Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը եւ Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը եւ Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:

Խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս որոշումն ընդունվում է օրենքի պահանջը տեխնիկապես կատարելու համար:

«Տարօրինակ իրավիճակ է, երբ վարչապետը երկու շենքում է գտնվում: Մենք, ամենեւին, չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել: Հիմա քննադատություն է հնչում, որ կառավարություն գալով մենք մոռացել ենք, թե ինչն ենք քննադատել, դա ամենեւին այդպես չէ: Այն ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք։

Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից եւ այդ նստավայրը մենք կվերադարձնենք ՀՀ նախագահին, ինչպես նախկինում եղել է: Այս պահին մենք մի քանի խնդիրներ ունենք լուծելու: Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը եւ արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որը կապված է շենքային պայմանների հետ: Հնարավորինս կարճ ժամանակում այս հարցը կլուծենք: Ես տեւական ժամանակ է, աշխատում եմ Կառավարությունում, դա նաեւ հարմար է եւ այս հարցում ինստիտուցիոնալ մոտեցում կցուցաբերենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, իսկ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,-այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։