Լարսի անցակետում իրադրությունը համեմատաբար բարելավման միտում ունի։ Ինչպես այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, եթե 2 օր առաջ ռուսական կողմից ավտոմեքենաների հերթի երկարությունը 6-7 կմ էր կազմում, երեկ արդեն մոտ 3.5 կմ էր, նաև թողունակության ժամանակային մասն է կրճատվել, այսինքն՝ մեքենաները համեմատաբար ավելի արագ են անցնում։

Վրացական կողմից, ըստ նրա, 2 օր առաջ հերթը 2-3 կմ էր, երեկ օրվա երկրորդ կեսի դրությամբ խցանում գրեթե չկար։

Փոխնախարարը հերքեց շրջանառվող լուրերը, թե անցակետում հերթի պատճառով բերքը փչանում է. «Մենք բերքի փչացման հետ կապված որևէ տեղեկատվություն չունենք, մեզ մոտ գործում է թեժ գիծ, Վրաստանում հայկական դեսպանատան և Դոնի Ռոստովում մեր հյուպատոսարանի ներկայացուցիչները պարբերաբար գնում են դեպքի վայր, զրուցում են, բերքի հետ կապված որևէ խնդիր չի եղել»։

Ա. Փամբուխչյանը նշեց, որ ռուսական կողմը հավաստիացրել է, որ որևէ միտում չկա ճանապարհին հերթերի գոյացման հարցում, խնդիրն ամառային սեզոնն է, երբ իրենց տուրիստների մեծ քանակություն մեկնում է Վրաստան հանգստանալու։

Հարցին, թե ի՞նչ արմատական լուծում կարելի է գտնել Լարսում մշտական խնդիրներից խուսափելու համար, Ա. Փամբուխչյանը պատասխանեց, որ խնդրի բարդությունն այն է, որ այդ անցակետը հայ-վրացական կամ հայ-ռուսական անցակետ չէ, այլ ռուս-վրացական անցակետ է, այսինքն՝ խնդիրը տվյալ իշխանությունների իրավասության շրջանակում է. «Մեր կողմից լուծման միակ ճանապարհն առայժմ մեր ակտիվությունն է, անընդհատ, այսպես ասած, իրենց անհանգստացնելը, խնդիրը բարձրացնելը, մինչև ունենանք այլընտրանքային ուղիներ։ Այդ ուղղությամբ մշտապես աշխատում ենք, որպեսզի Լարսի անցակետն արտաքին աշխարհի հետ մեր միակ ուղին չլինի»։

Ա. Փամբուխչյանը նշեց, որ դիտարկում են Հարավային Օսիայով, Աբխազիայով ճանապարհները, նաև լաստանավի տարբերակ, որ բեռները տեղափոխվեն Փոթի, այնտեղից լաստանավով՝ Ռուսաստան. «Մի քանի տարբերակ քննարկվում է, բայց մի փոքր ժամանակավրեպ կլինի, եթե հիմա բարձրայնենք դրա մասին։ Բայց ակտիվ աշխատանքներ տանում ենք»։

Նա տեղեկացրեց, որ Հարավային Օսիայի ճանապարհի հարցով Հայաստանը նամակով դիմել է շվեյցարական SGS սերտիֆիկացման ստուգիչ-հաստատիչ ընկերությանը, որը աբխազական ուղու բացվելուց հետո պետք է Ռուսաստանից կամ Հայաստանից առաքվող տարանցիկ բեռների մոնիտորինգ ապահովի. «Մենք դիմել ենք՝ իմանալու, թե ինչն է իրենց խանգարում, ինչ գործողություններ մենք կարող ենք անել թե՛ ռուսական, թե՛ վրացական իշխանությունների հետ, ինչն է պակասում, որ չի սկսվում այդ նախագծի իրականացումը։ Այսինքն՝ այլընտրանքային ճանապարհ մենք ամեն դեպքում փնտրում ենք»։

Տարիներ առաջ հայ-վրացական օրակարգում հայտնված լուծման մեկ այլ տարբերակը՝ Լարսի հատվածում թունելի կառուցումը, ըստ փոխնախարարի՝ այսօր այլևս չի քննարկվում։

Հ.Գ. Ժամը 14:10-ի դրությամբ հերթը նվազել է, երկարությունը՝ մոտ 2.5 կմ։