ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնում 100-րդ օրը լրանալու առիթով հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում: Այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:

Նա, մասնավորապես, նշել է.


«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը: Ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում մեր ավանդական դարձած հանդիպման վայրում մեծ հանրահավաք հրավիրենք եւ այդ հանրահավաքի ընթացքում նախ հանդիպենք, որովհետեւ չգիտեմ դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել եւ ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք:

Երկրորդ, կարծում եմ՝ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու հետո: Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում այդ զարգացումն ապահովել:

Ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ կան եւ ինչպես եք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել: մարտահրավերները կառավարել եւ ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի մասին, խոսել երեկվա Հայաստանի մասին եւ խոսել վաղվա Հայաստանի մասին:

Ընդհանուր առմամբ, դա չափազանց կարեւոր իրադարձություն է: Պարզից էլ պարզ է, որ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարեւոր է ապագայի կայուն հիմքերը դնելու համար, արդեն գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար, եւ իհարկե, այն խնդիրների մասին խոսելու համար, որ ի վերջո, որի հետ այս ընթացքում մենք բախվել ենք, որոնց լուծմամբ զբաղված ենք:

Սա էր այսօր ուղիղ եթեր մտնելու առիթը: Ուրախ եմ, որ կրկին ձեզ հետ առիթը ունեմ, ուրախ եմ, որ ձեզ հետ կրկին շփվելու առիթն ունենալու եմ Երեւանի Հանրապետության հրապարակում, այնտեղ, որտեղ միասին իրականացրինք սիրո եւ համերաշխության հեղափոխությունը:

Եվ ուրեմն օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին, բոլորիդ հրավիրում եմ Երեւանի Հհանրապետության հրապարակ չափազանց հետաքրքիր զրույց ունենալու համար: Ֆորմալ առիթը իմ վարչապետ ընտրվելու 100 օրն է, իսկ ընդհանուր առմամբ, մեր խոսակցության առիթը լինելու է մեր երկրի այսօրը եւ ապագան, որը կարծում եմ՝ չեք կասկածում, որ լինելու է փառավոր ու հաղթական»: