Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել են Վրաստանի հարեւան երկրները:

Վրաստանի հարեւաններից մասնակցել են բոլորը, բացի Ռուսաստանից՝ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Թուրքիայի մասով Զախարովան չէր կարող ափսոսանք հայտնել, որովհետեւ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է: Ափսոսանքը կարող էր վերաբերվել Ադրբեջանին, բայց հաստատապես՝ Հայաստանին:

Դա ռուսական համապատասխան շրջանակները չէին էլ թաքցնում: Որքան էլ Հայաստանի պաշտոնյաներն ասում էին, որ դա ըստ էության ՆԱՏՕ-ի զորավարժանք չէ, այլ վրաց-ամերիկյան, որ անցյալ տարի Հայաստանից մասնակցում էր 40, այս անգամ՝ 4 զինվորական, միեւնույն է, Ռուսաստանի համար կարեւորը քանակը չէ, այլ մասնակցության փաստը:

Միեւնույն ժամանակ, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում հրապարակային «փոխհրաձգությունը» շատ ավելի խորքային պատճառ ունի եւ առնչվում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Կոռուպցիայի դեմ պայքարը, ռուսական ագենտուրայի ձերբակալություններն ու նրանց ծանր մեղադրանքների առաջադրումն ուղիղ առնչվում են Հայաստանի հանդեպ քաղաքականությանը, որը կառուցված է եղել միակողմանի կախվածության վրա:

Այդ քաղաքականությունը հնարավոր էր Հայաստանում թույլ, կոռումպացված ու լեգիտիմությունից զուրկ իշխանության պայմաններում: Միեւնույն ժամանակ, դա հնարավորություն էր տալիս արդյունավետ իրականացնել Հայաստանի միջազգային մեկուսացման քաղաքականությունը, եւ այդ հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցում էր Ադրբեջանը:

Դրան նպաստում էր նաեւ ներքին քարոզչությունը, որ մենք փոքր երկիր ենք, թույլ, «գնալու տեղ չունենք» եւ այլն: Հարցն իհարկե գնալու տեղը չէ, այլ այն, թե հնարավո՞ր է դուրս գալ այս իրավիճակից: Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ այո, եւ դրա պայմանը ինքնիշխանությունն ու լեգիտիմ իշխանությունն են:

Մյուս պայմանն այն է, որ Հայաստանի հարցում կա աշխարհքաղաքական լայն կոնսենսուս նրա ռազմա-քաղաքական դերի վերաբերյալ: Արեւմուտքը, եվրատլանտյան կառույցները Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում խնդիր չեն տեսնում: Նույնն է Իրանի պարագայում:

Մյուս կողմից, վերջին ամիսների իրադարձությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ցույց տվեցին, որ ուժի կենտրոնները ցանկանում են նոր իրավիճակում լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքականության վրա, ինչն էլ դառնում է լուրջ տարաձայնությունների պատճառ: Հայաստանը որոշակի խնդիրներ ունեցավ ոչ միայն ռուսական, այլեւ եվրոպական ու ամերիկյան ուղղություններով:

Դա բնական է, եւ ավելին, հենց այդ տարաձայնություններն էլ Հայաստանի շուրջ ստեղծում են նոր հավասարակշռություն եւ հնարավորություն՝ վարել արդյունավետ քաղաքականություն նոր հարաբերություններ կառուցելու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու համար: Դա նպաստավոր պայմաններ կստեղծի անվտանգության ու տնտեսական զարգացման համար:

Կրկնենք, որ դրա պայմանն ինքնիշխան քաղաքականությունն է ու Հայաստանում համակարգային փոփոխությունները:

Վերադառնալով Ռուսաստանին, թերեւս պետք է վերջ տալ ամեն պատեհ-անպատեհ առիթով այս երկրին ու նրա գլխավորած բլոկներին հավատարմություն հայտնելուն: Ռուսաստանին դա չի հետաքրքրում, եւ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ դրանով: Նրան անհանգստացնում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք փոխում են ավանդական հարաբերությունների բնույթն ու որակները:

Ռուսաստանը կանգնել է խնդրի առաջ՝ կամ հրաժարվել ավանդական մոտեցումներից եւ փորձել նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, կամ գնալ նոր «սրացումների» եւ անցնել կարմիր գիծը: Բայց դա անհեռանկարային ճանապարհ է, եթե չասենք՝ վտանգավոր հենց Ռուսաստանի համար, ինչն անկասկած գիտակցվում է Մոսկվայում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am