Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը հայտարարել է, որ 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատռերազմում Ռուսաստանը չի դրել Սահակաշվիլիին եւ վրացական բանակը պատժելու նպատակ եւ այդ պատճառով էլ ռուսական զորքը չի մտել Թբիլիսի: Ըստ Մեդվեդեւի, նպատակը Ցխինվալից վրացական զորքը հեռացնելն էր, ինչն էլ արել են եւ հետո տարել իրավիճակը լարվածության նվազեցման, ինչը բերել է նաեւ ԵՄ եւ այլ երկրների հետ հանգիստ հարաբերությունների:

Մեդվեդեւը նաեւ հայտարարել էր, թե Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կունենա աղետալի հետեւանք, չմանրամասնելով իհարկե, թե հատկապես ինչ տեսքով եւ ում համար:

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, որի տասներորդ տարելիցն է այս օրերին, արմատապես փոխեց Կովկասի ռազմա-քաղաքական իրավիճակը: Այդ պատերազմը գործնականում ավարտեց Վրաստանի դուրսբերումը ռուսական ազդեցության գոտուց եւ ընդհանրապես փակեց հնարավոր «վերադարձի» ճանապարհը: Առերեւույթ պարտվողը Վրաստանն էր, սակայն ռազմա-քաղաքական իմաստով պատերազմը Ռուսաստանի պարտությունն էր:

Մեդվեդեւը գործնականում խոստովանում է պարտությունը, բացատրելով, թե ինչու չեն մտել Թբիլիսի: Նա արդարանում է, միաժամանակ նաեւ շոշափելով ԵՄ ու այլ երկրների՝ թերեւս ԱՄՆ հետ հարաբերության հարցը, նրբորեն ակնարկելով Պուտինին: Մեդվեդեւն ըստ երեւույթին փորձում է ասել, որ Պուտինն օրինակ կմտներ Թբիլիսի, կանգ չէր առնի, թեկուզ ԵՄ ու «այլ երկրների» հետ հարաբերությունը վատացնելու գնով: ՌԴ վարչապետն ըստ երեւույթին փորձում է ստանալ Արեւմուտքի աջակցությունը Ռուսաստանի իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացներում, որտեղ անշուշտ դրված է Պուտինից հետոյի խնդիր: Մեդվեդեւը թերեւս հիշեցնում է, որ ինքն ագրեսիվ չէ եւ հակված է ԵՄ ու «այլ երկրների» հետ պայմանավորվածության, հակված է «պարտվելու»:

Առերեւույթ Ռուսաստանը հաղթել է, Ցխինվալից հեռացրել է վրացական զինուժը, ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, հաստատվել այնտեղ ռազմա-քաղաքական առումով: Բայց Ռուսաստանը այդպիսով տվել է նաեւ Վրաստանում ռազմա-քաղաքական առումով հաստատվելու հիմնավոր հնարավորություն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Վրաստանի անդամության խնդիրը առերեւույթ խնդիր է: Դե ֆակտո Վրաստանն անդամ է եւ խնդիրը այնտեղ արեւմտյան ռազմական ներկայությունն է, որը գործնականում տեղի ունեցած փաստ է եւ գործընթացը աստիճանական ընդլայնման փուլում է:

Ռուսաստանի հաղթանակ կարող էր լինել Թբիլիսին, եթե ռուսական տանկերը կարողանային մայրաքաղաքում ստեղծել իրավիճակ, երբ ռուսամետ ընդդիմությունը՝ որն այդ պահին անկասկած կար եւ բավական ագրեսիվ էր եղել դեռեւս 2007 թվականին, որին Սահակաշվիլին ճնշեց միայն ուժով, ձեռքը կվերցներ իրադրությունն ու կսկսեր իշխանափոխության գործընթաց:

Մոսկվան կանգնեց վճռական պահին, հասնելով Թբիլիսիի շեմին, բայց չմտնելով ներս: Դա լավագույն ռազմա-քաղաքական ելքն էր, որ կարող էր լինել Հայաստանի համար: Վրաստանի անշրջելի «արեւմտականացումը» ստեղծել է իրավիճակ, որը Ռուսաստանի համար առավել կարեւոր է դարձրել Հայաստանի դերակատարումը: Վրաստանի ռուսական ազդեցության գոտում գտնվելը Հայաստանն էր վերածելու ռուսական մեծապետականության անշրջելի մանրադրամի:

Ընդ որում, Մեդվեդեւն անշուշտ լավ գիտակցեց ռազմա-քաղաքական ձախողումը եւ պատահական չէ, որ դրանից հետո աշխուժորեն լծվեց հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ ֆորմատի եւ կազանյան գործընթացի զարգացմանը, փորձելով վրացական ուղղությամբ տանուլ տվածը հետ բերել ղարաբաղյան ուղղությամբ, հասնելով ղարաբաղյան գոտում ռուս խաղաղապահների տեղակայման: Այդ համատեքստում նաեւ զարգացավ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը:

Դիվանագիտական-քաղաքական ճանապարհով չստացվեց, եւ Մոսկվան ձեռնամուխ եղավ ռազմական ճանապարհի գեներացիային, ռուս-վրացական պատերազմում ռազմավարական պարտությունը հայ-ադրբեջանական բլից պատերազմի միջոցով «շտկելու» համար: Դրա համար Ռուսաստանը ձեռնամուխ եղավ նաեւ Հայաստանի սուբյեկտության չեզոքացման ակտիվ արշավի, զուգահեռ արմատապես փոխելով ռազմա-քաղաքական հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Բայց այդ փորձը ավարտվելու էր կամ Հայաստանի՝ ներառյալ Արցախը ռազմական հաջողությամբ, կամ հայկական կողմի հետ նաեւ Ռուսաստանի արդեն խոշոր եւ անդառնալի պարտությամբ: Ռազմա-քաղաքական «ռեւանշը» չստացվեց, քանի որ Մոսկվան պատրաստ չէ թե Հայաստանի, թե Ադրբեջանի ռազմական պարտության, իսկ բլից պատերազմը չբերեց նրան, որ հայկական կողմը դիմի օգնության եւ ստատուս-քվոն պահի ռուսական խաղաղապահների միջոցով:

Ամենեւին պատահական չէ, որ ապրիլյան քառօրյայից հետո ռուսական առաջին այսպես ասած «էմիսարը» ռեգիոն Մադվեդեւն էր, որը եկավ Երեւան ու հետո Բաքու, քանի որ ապրիլյան պատերազմը նա դիտարկում էր որպես իր ռուս-վրացական ռազմավարական պարտության փաթեթային «ռեւանշի» վերջին հնարավորություն: Ահա այդ իմաստով Մեդվեդեւի իշխանական որեւէ նոր հայտ սպառնալիք է թե ռեգիոնալ անվտանգության, թե մասնավորապես Հայաստանի համար:

Իրականում ապրիլյան քառօրյան Ռուսաստանին ստիպեց կանգնել այն փաստի կամ վտանգի առաջ, որի մասին նախազգուշացումները անտեսվում էին, փոխարենն անվերապահ ընդունվում էին հնչող տարատեսակ «հավաստիացում-զեկուցագրերը», որ Հայաստանում ապահովված է լիակատար ռուսական ազդեցություն եւ կան ընդամենը «20-30 մարգինալներ», որոնք կդիմադրեն այդ ծրագրերին:

Հստակ պարզվեց, որ իրականում «20-30 մարգինալներն» էին խորապես ռուսական ազդեցության տակ, իսկ հասարակությունն ու բանակը՝ ոչ: Ռուսական քաղաքականությունը կանգնեց իր իսկ ստեղծած ճգնաժամի առաջ, որից դուրս չի գալիս առ այսօր, ինչի վկայությունն էր Լավրովի հայտնի հայտարարությունը: Ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվան փնտրում է Հայաստանում ճգնաժամից ելք, ըստ էության պարբերաբար դրսեւորելով այդ փնտրտուքի եւ այսպես ասած հին քաղաքականության արանքում լինելու մետաստազներ: Մի կողմից կա տարածված ընկալումը, թե ինքնիշխան Հայաստանը նշանակում է Ռուսաստանի համար Հայաստանի կորուստ, մյուս կողմից կա ռեալ քաղաքական իրողությունը, որը հստակ ցույց է տվել, որ Ռուսաստանն ունի Կովկասում դերակատար եւ անվտանգության առանցք մնալու գործնականում մեկ տարբերակ՝ ինքնիշխան Հայաստան: Ռուսաստանը առնվազն Կովկասում հետ է մնացել իր իսկ անհրաժեշտություններից, մարտահրավերներից ու շահերից: Դրանք առարկայորեն տեսանելի են արդեն առնվազն երկու տարի, սակայն Մոսկվան չունի դրանք սպասարկելու համարժեք եւ արդիական մեխանիզմներ եւ շարունակում է տիրապետել այն գործիքակազմին, որը ոչ միայն հին է, այլ հասցրել է հենց քաղաքականության խորը ճգնաժամի:

Սա խնդիր է նաեւ Հայաստանի համար, եւ այդ առումով Հայաստանում թավշյա հեղափոխությունը շանս է արագացնել մարտահրավերներին ու շահերի համարժեք արձագանքելու գործիքակազմի եւ կարողությունների արդիականացումը, այդ թվում նաեւ Ռուսաստանին հարաբերության եւ քաղաքականության անհրաժեշտ ռեժիմի բերելու համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am