Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի շարք կարեւոր հայտարարություններ արեց ներքաղաքական իրավիճակի առումով, մասնավորապես առաջիկա ընտրափուլի մասով:

Մարտի 1-ի գործի նոր ընթացքը եւ Քոչարյանի կալանավորումը նրա շուրջ ստեղծել են որոշակի մոբիլիզացիոն գործընթաց, որը հանրության մեջ արդեն որակվել է որպես հակահեղափոխության բեւեռ: ՀՀԿ-ն միանշանակ այս բեւեռում է, մի շարք ուժեր ու խմբեր նույնպես հարում են այս բեւեռին:

Փաստացի, ընտրությունների նախօրեին ձեւավորվում են հեղափոխության ու հակահեղափոխության բեւեռները: Մյուս կողմից, այս բաժանումը բավական պայմանական է, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգն իր գործունեությամբ, բնույթով ու մոտիվացիայով ինքնին «հակահեղափոխական» է:

Այս իրավիճակով է նաեւ պայմանավորված քաղաքական ուժերի ներկայիս պահվածքը: Նրանց մի զգալի մասը հայտնվել է անորոշության ու սպասման մեջ, եւ նրանք սկսել են իրենց «առաջարկել» ու նաեւ պահանջներ դնել: Օրինակ, ՀՅԴ-ն, որը մի ոտքով հեղափոխության հետ է, մյուսով՝ հակահեղափոխության, հայտարարում է, որ եթե Նիկոլ Փաշինյանին չօգնեն, նա գլուխը քարին կխփի: Դատելով Ելք դաշինքի շուրջ զարգացումներից, Նիկոլ Փաշինյանին պայմաններ են առաջադրում նաեւ գործընկեր կուսակցությունները:

Տավուշում Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց իրավիճակը եւ ավելին՝ «բեւեռացրեց» այն: Նա դաշնակիցներին հորդորեց ընտրություն կատարել, ընդ որում՝ հեղափոխության օգտին ընտրությունը լինելու է իր կուսակցության՝ Քաղաքացիական պայմանագրի արժեքային հիմքով ու պայմաններով: Ինչ վերաբերվում է գործընկեր կուսակցություններին, մասնավորապես ՀՅԴ-ին, նա հայտարարեց, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր դիրքորոշման համար, եւ պատասխանատվությունը լինելու է ճիշտ պահին: Մեկ այլ հայտարարություն էլ վերաբերվում էր թերեւս ԲՀԿ-ին, երբ նա հայտարարեց, որ կոշտ ու անզիջում վերաբերմունք է լինելու ընտրակաշառք բաժանողներին, նրանց պարզապես բռնելու են ու նստեցնեն:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ընդունեց մարտահրավերներն ու փաստացի վերջնագիր ներկայացրեց քաղաքական դաշտին, հիասթափեցնելով բոլորին, թե կարող են նրան հակել իրենց պահանջներին ու ծառայություններին: Սա իհարկե ավելի է խորացնում բեւեռացումը, որի դեպքում արդեն ընտրությունը չի լինելու ծրագրերի ու գաղափարների շուրջ, ինչը քաղաքական համակարգի կայացման հիմքն է:

Մյուս կողմից, հաշվի առնելով հայկական քաղաքական համակարգի ապագաղափարական ու ապաքաղաքական բնույթը, թերեւս այլ կերպ չէր էլ կարող լինել: Դա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական համակարգը կարող է կայանալ, եթե «հին» իշխանական ու ընդդիմադիր ուժերը պարզապես դուրս մղվեն ակտուալ քաղաքական դաշտից: Մյուս տարբերակը նրանց վերափոխումն է, ինչն անհնար է թվում: Վկայությունը ներկայիս նրանց պահվածքն է:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am