Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքում հրապարակը հռչակեց ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: «Կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, սրանից հետո հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք կամ արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը:

Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը և ժողովուրդը բազմաթիվ որոշումներ կայացնի հանրաքվեով: Առաջիկայում այնպիսի փոփոխություններ պետք է կայացվեն, որ կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունն ու ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով», ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ հանրաքվեները վերաբերվելու են օրինակ Արցախի կարգավորմանը, Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություններին, անցումային արդարադատության մարմիններին, որոնք փաստացի փոխարինելու են դատարաններին, եւ այլ կարեւորագույն հարցերի:

Ինչո՞ւ է 100 օր անց ընդունվում նման որոշում: Կառավարությունն այս երեք ամիսների ընթացքում ըստ էության համակարգային բարեփոխումների ծրագիր չի ներկայացրել, շատերի կարծիքով, կառավարության գործունեությունը ենթարկված է իշխանափոխությանն ու նախընտրական տրամաբանությանը: Նկատի է առնվում այն, որ չեն արվել քայլեր, որոնք պետք է փոխեին նախկին համակարգը, մասնավորապես կատարվեին օրենսդրական փոփոխություններ առանցքային ոլորտներում, այլ պայքար է տարվում հետեւանքների դեմ, որոնք իրավիճակային լուծումներ են:

Այսինքն, այս երեք ամիսների ընթացքում հեղափոխության նվաճումները չեն ինստիտուցիոնալացվել, ինչը նախկին համակարգին հնարավորություն է տվել որոշակի դիմադրություն կազմակերպել եւ օրակարգը «թեքել» իր իրավունքների ու պահանջների դաշտ:

Ըստ էության, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին այս պնդումների ճշմարտացիությունը: Եվ ներքին ու արտաքին կուտակված մարտահրավերները Նիկոլ Փաշինյանին ստիպեցին կտրուկ քայլերի առաջարկով դիմել հրապարակին, որտեղ ընդունված որոշումների ուժով էլ ԱԺ-ին ու այլ մարմիններին ստիպելու են կատարել «ժողովրդի պահանջը»՝ փոխել սահմանադրության որոշ դրույթներ, որոնք վերաբերվում են վարչապետի հրաժարականի ու ընտրության կարգին, իրականացնել արդարադատություն, քանի որ դատարանները նախորդ իշխանության նշանակածներն են, եւ այլն:

Համակարգային բարեփոխումների պարագայում վերացվում են պատճառները, մնացյալ հարցերը լուծվում են սիրո եւ համերաշխության մթնոլորտում՝ վերադարձվում է գողոնը, բոլորն ընդունում են խաղի օրինական կանոններն, ինչպես ասում են՝ առանց որեւէ շանսի: Համակարգային բարեփոխումների բացակայության պայմաններում լուծումները դառնում են իրավիճակային, ինչն անխուսափելիորեն մեծացնում է դիմակայության աստիճանը: Խնդիրն այն չէ, որ նախկին համակարգը կարող է վերականգնել իր դիրքերը, խնդիրն այն է, որ այն համակարգ է, որի դիմաց դեռեւս չկա նորը: Իսկ համակարգը մի քանի մարդիկ չեն, այլ հանրային զգալի շերտեր, որոնք «օտարվում» են:

Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն ասում է, որ Հայաստանում երեք ամիս տեղի ունեցածն այն աստիճան յուրահատուկ ու աննախադեպ էր, որ Հայաստանում ու աշխարհում դեռ լիովին չեն գիտակցել այն: Բայց շարունակությունը կարող է լինել խիստ «սովորական»: Ընդ որում, նեղացնելով նաեւ հեղափոխության ընդգրկումը:


Նյութի աղբյուրը՝ Lragir.am