Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո իրավիճակ է փոխվել, և այլևս ՀՀԿ-ն չի կարող խոսել ժողովրդի անունից ու խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Փոխվել է իրավիճակը, ՀՀԿ-ն ընդհանրապես ավագանու ընտրություններին չի մասնակցել, չի կարող ժողովրդի որևէ տոկոսի անունից այս պահին խոսել: Այդ ուժը նույնիսկ Երևանում արդեն չկա: Ի՞նչ հիմքով են նրանք պնդելու, որ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- հարցադրում է անում Սաֆարյանը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևան վերադառնալուց հետո խորհրդակցությունների կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերին, որպեսզի տեսնեն ինչպես և ինչ ժամկետներում է հնարավոր հասնել արտահերթ խորհդրարանական ընտրություններին:

«Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որովհետև քաղաքական անորոշությունները արգելակում են նաև տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը: Ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որն այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ»,- ասել է Փաշինյանը:

Ի պատասխան ՀՀԿ-ականները արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիմնազուրկ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքեր ու անհրաժեշտություն չեն տեսնում:

Հարցին, թե հնարավո՞ր է ԱԺ արտահերթ ընտրությունները մինչև տարեվերջ անցկացվեն՝ հաշվի առնելով վարչապետի հայտարարությունները, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ կոնկրետ ժամկետների մասին պնդումներ անելը ճիշտ չէ: Բայց, նրա խոսքով, տեսանելի է, որ այդպիսի նպատակ դրվել է վարչապետի կողմից:

«Եվ դա շատ ճիշտ է: Խնդիրն այն չէ, որ Քաղաքացիական պայմանագիրը կարող է վախեր ունենալ ժողովրդական այս ալիքը պահելու հարցում: Խնդիրն իսկապես երկրի անվտանգությունը, կանխատեսելիությունն ու երկրում վերջնական օրինական իշխանության ձևավորումն է: Մենք չենք կարող ուղղակի մեզ շռայլություն թույլ տալ, ամիսներով սպասել»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրությունները ցույց են տալիս, որ հասարակության ճնշող մեծամասնությունը, այո, իր քվեն տալիս է իշխող թիմին, անկախ նրանից, թե ով է այդ թիմի մեջ:

Բացի այն, որ ՀՀԿ-ն այլևս չի կարող ընդդիմանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, մյուս ուժերը նույնպես առանձնապես չեն կարող ընդդիմանալ:

«Ես դեռ ավագանու ընտրություններից առաջ ասել էի՝ ընտրության արդյունքները նաև կորոշեն բոլոր քաղաքական ուժերի ձայնի տոնայությունը և բարձրության չափը: Այնպես որ, այժմ արդեն գիտենք, թե ով ինչ բարձրությամբ կարող է խոսել»,- հավելեց նա: