Մինչեւ վերջ պայքարեցինք եւ հավատացինք մեր հաղթանակին։ Ամբողջ թիմը մեծ աշխատանք կատարեց։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը՝ մեկնաբանելով Լատվիայի հավաքականի նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։

«Շատ դժվար հանդիպում ստացվեց։ Ուելսի դեմ խաղից հետո շատ հոգնած էր թիմը, ժամանակ չունեինք վերականգնվելու համար, բայց ամբողջ թիմը մեծ աշխատանք կատարեց։ Կարողացանք լավագույնս հանդես գալ։ Կարեւորը՝ հաղթեցինք, վաստակեցինք երեք միավոր եւ գնում ենք դեպի առաջ։

Ուելսի խաղից հետո ունեցանք վերականգնողական մարզումներ, որոնց ընթացքում շատ մեծ աշխատանք կատարեցին մեր մարզիչները։ Պրոֆեսիոնալ եղավ ամեն ինչ, արդյունքում հաղթեցինք։ Ինքնագոլի մասով՝ ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել։ Մինչեւ վերջին վայրկյանը պետք է պայքարես, որովհետեւ ամեն պահին կարող է ինչ–որ բան փոխվել։ Մինչեւ վերջ պայքարեցինք, հավատացինք, որի արդյունքում հաղթեցինք»,- ասաց Ստոպա Մկրտչյանը։

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։