Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի եւ շահերի հավասարակշռության որոնման հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք միշտ շահերի հավասարակշռություն ենք որոնում եւ գտնում ենք», - ասել է Պուտինը` Բաքվում ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստում:


Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում ստորագրվել է փաստաթղթերի եւ համաձայնագրերի փաթեթ, որը լրացուցիչ հիմք է ստեղծում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար:

ՌԴ նախագահը նշել է, որ ադրբեջանական շուկայում գործում է ռուսական մասնակցությամբ շուրջ 700 համատեղ ձեռնարկություն, իսկ հանրապետությունում ռուսական ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դոլար:

«2017 թվականին ադրբեջանական գյուղմթերքների մատակարարումը Ռուսաստան զգալիորեն աճել է՝ գրեթե 12 տոկոսով, այսինքն, սա ընդհանուր ծավալն է, մեկ րոպե, կես միլիարդ դոլարի: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս ոլորտի նկատմամբ», - ասել է Պուտինը՝ նշելով, որ այդ մասին է վկայում սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք միջազգային սննդամթերքի ցուցահանդեսում 30-ից ավել ադրբեջանական ընկերությունների մասնակցությունը:

Ըստ ՌԴ նախագահի, Մոսկվան եւ Բաքուն համատեղ ենթակառուցվածքային նախագծեր են իրականացնում: «Մասնավորապես, խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին է` Իրան, Ադրբեջան, Ռուսաստան, որը կոչված է համախմբել եվրոպական եւ ասիական շուկաները», - հիշեցրել է Պուտինը:

Նա նաեւ իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիեւին ասել է հարաբերությունների դրական զարգացման իմպուլսի եւ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումն ապահովելու կարեւորության մասին:

«Անկասկած, հրաշալի է, որ հնարավորություն կա այդ իրավիճակից օգտվելու եւ երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Մենք դեռ Սոչիում նկատել ենք, որ հարաբերությունները դրական են զարգանում տնտեսությունում, այլ ոլորտներում, հիմա շատ կարեւոր է, որ այն իմպուլսը, որը տրվել էր մեր փոխգործակցությանը Ռուսաստան ձեր այցի ժամանակ եւ այն փաստաթղթերը, որոնք մենք ձեզ հետ ստորագրել ենք, որպեսզի իմպուլսը եւ փաստաթղթերը չկորեն», — ասել է Պուտինը:

Նա նշեց, որ մտադիր էր հենց այդ մասին խոսել երկկողմ հանդիպման ժամանակ: Պուտինը նաեւ կարեւոր է անվանել Ռուսաստան-Ադրբեջան միջտարածաշրջանային համաժողովում երկու առաջնորդների մասնակցությունը: Ալիեւը հանդիպման ժամանակ նշել է, որ համաժողովը հավաքել է ռեկորդային թվով մասնակիցների, Ռուսաստանը կարեւոր եւ արժեքավոր գործընկեր է Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք միայն կավելացնենք համագործակցությունը», - ասել է Ալիեւը