ՀՀ ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական խմբակցությունների ավանդական ճեպազրույցները: Թոփ թեման հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն են երեկոյան նիստում:

Հիշեցնենք, որ այդ օրինագիծը վերաբերում է նրան, որ եթե ԱԺ նիստը խոչընդոտող հանգամանքներ կան, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել նիստը ընդհատված, որը կարող է շարունակվել, երբ այդ խոչընդոտները վերանան: Սա առաջացրել է «Ելք» խմբակցության եւ կառավարության դժգոհությունը: Նրանք պնդում են, որ այս օրինագծով փորձ է արվում խափանել վարչապետի հրաժարականի պարագայում 14 օր անց արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը: Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե վարչապետի հրաժարականից հետո 14 օրում ԱԺ-ն չի կարողանում նոր վարչապետ ընտրել, ապա խորհրդարանը լուծարվում է: Իսկ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը նախատեսում է, որ եթե այդ ընթացքում ԱԺ-ն չի հաջողվում նիստը ավարտին հասցնել, ապա այն ընդհանտվում է եւ 14-օրյա ժամկետը «սառեցվում է»:


Հիշեցնենք, որ այդ օրինագիծն ընդունելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ-ի մոտ մի քանի տասնյակ հազար քաղաքացի էր հավաքվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ով կողմ քվեարկի այդ օրինագծին՝ հակահեղափոխական է: Օրենքը քվեարկությունից հետո վարչապետը պաշտոններից ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու որոշում կայացրեց: