ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել ԵԽԽՎ ընդունած բանաձեւի կապակցությամբ, որը վերաբերում է չճանաչված երկրներում կամ այսպես ասած «գորշ գոտիներում» մարդու իրավունքի մոնիտորինգի խնդրին: ԵԽԽՎ այդ բանաձեւին դեմ է քվեարկել Ադրբեջանը:

Արփինե Հովհաննիսյանը բանաձեւը ներկայացրել է գրեթե իբրեւ իր դիվանագիտական հաղթանակ, այդ հանգամանքը փորձելով տեղավորել իր վերջին շրջանի քաղաքական դերակատարության մեղմ ասած «գորշ» մթնոլորտի համատեքստում: Բանն այն է, որ Հովհաննիսյանը վերջին օրերին կամ շաբաթներին վերածվել է գրեթե «Միսս հակահեղափոխության»:

Հասկանալի է, որ Հովհաննիսյանը փորձում է այդպիսով ցույց տալ, որ ոչ միայն արել է Ալիեւի խավիարային դիվանագիտությանը նպաստող քայլ, այլ նաեւ Ադրբեջանի դեմ է քայլեր արել:

Բայց դա թերեւս արդարացման բավական թույլ փորձ է: Որովհետեւ բանն ամենեւին այն չէ՝ Հովհաննիսյանը, կամ որեւէ մեկը Ադրբեջանի դեմ է քայլ արել, թե արել է քայլ, որից օգտվում է Ադրբեջանը: Եվ որեւէ քայլին Ադրբեջանի կողմ կամ դեմ լինելը իհարկե փաստարկ չէ, կամ խիստ սահմանափակ փաստարկ է:

Խնդիրը քաղաքական քայլերի հարաբերակցությունն է եւ հնարավոր է հասնել անգամ հարյուր բանաձեւի, որը հնարավոր է ներկայացնել հօգուտ Հայաստանի եւ Արցախի, բայց թույլ տալ գեթ մեկ հնարավորություն Հայաստանին հարվածելու համար, ինչը իր բացասական էֆեկտով լինի մյուս հարյուր դրականից ավելին:

Քաղաքականությունն այդ շատ պարզ իրողությունների հանրագումարը եւ հաշվեկշիռն է, որն Արփինե Հովհաննիսյանը խախտել է անդառնալի: Իհարկե միայն նա չի խախտել, այլ նրա ներկայացրած քաղաքական ուժից կամ համակարգից շատերը;

Հարցն այն է, որ այդ հավասարակշռությունն այլեւս հնարավոր չէ վերականգնել ԵԽԽՎ թղթաբանության վիճակագրությամբ: Կա հավասարակշռությունը վերականգնելու մի տարբերակ՝ հեռանալ քաղաքականությունից: Հավասարակշռությունն այդ կերպ վերականգնելուց հետո կյանքը գուցե էլի մոտեցնի, հնարավոր է հակառակ կողմից:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am