Ինչպես մենք մի քանի ամիս առաջ հայտարարել ենք, Հայաստանը գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց, քանի դեռ չկա վերջնական որոշում, զերծ կմնամ որեւէ բան ասել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուն:

Ինչ վերաբերում է Խաչատուրովին հետ կանչելու ֆոնին Հայաստանի դիրքերին ՀԱՊԿ-ում, Ռուբինյանն ասաց, որ դրանք ուժեղ են, քան երբեւէ։


Հարցին՝ արդյոք գլխավոր քարտուղարի մանդատը մնալու է Հայաստանին, Ռւոբինյանը նշեց, որ քանի դեռ չկա որոշում, ինքը զերծ կմնա որեւէ տեղեկություն հաղորդել. «Մոտ ժամանակներս ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող «Մարտի 1»-ի քրգործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: Ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է եւ իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: