Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՆՎ վարչության մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Լոռու մարզ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք ժամանել են ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով, որոնք մի քանի կարեւորագույն օպերատիվ աշխատանքներ են կատարելու։


Աղբյուրի տեղեկություններով՝ նշված գործողությունները կապված են այս տարվա հոկտեմբերին Վանաձոր քաղաքում աղմկահարույց կրակոցների փաստի հետ, երբ հոգեհանգստի մասնակիցներից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարեւանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը: Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել էին նաեւ ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, եւ այն մարելու համար ժամանել էին արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Կային տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ժամանած ոստիկաններն ու քննիչները, զննության ենթարկելով ավտոմեքենան, ավտոմեքենայի մոտ եւ սրահում հայտնաբերել էին 21 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արտաշես Ոսկանյանի անվամբ։