Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ Հայաստանում հնչում են դրա հնարավոր որակի, քաղաքական բնույթի մասին տարբեր գնահատականներ, այդ թվում այնպիսիք, ըստ որոնց առաջիկա արտահերթ ընտրությունն ունենալու է էյֆորիայի ազդեցությունն ու չի լինելու քաղաքական:

Ոչ քաղաքական ասելիս շատերը հաճախ անգամ ակամայից նկատի ունեն քաղաքական մրցակցության բացակայությունը: Եվ դա իրավացի է՝ առաջիկա ընտրությունը չի լինի քաղաքական մրցակցությամբ ուղեկցվող: Բայց նշանակու՞մ է արդյոք, որ դա չի լինի քաղաքական: Ոչ: Առաջիկա արտահերթ ընտրությունն այդ իմաստով թերեւս բացառիկ քաղաքական է՝ սկսած 1995 թվականից, որովհետեւ գործնականում առաջին անգամ կանցկացվի ընտրություն, որի արդյունքը չի կեղծվելու եւ իշխանությունը ձեւավորվելու է հանրային քվեարկությամբ:

Կա՞ ավելի քաղաքական երեւույթ, քան պետության Սահմանադրության մեջ ամրագրված այդ դրույթի կենսագործումը: Այն, որ գործընթացը տեղի է ունենալու հեղափոխական տրամադրության ուղեկցությամբ ու գերակայությամբ, դարձյալ ապաքաղաքական երեւույթ չէ, որովհետեւ ի վերջո հեղափոխությունը գալիս է քաղաքականությանը ոչ թե փոխարինելու, այլ քաղաքականության բացը լրացնելու: Հեղափոխությունը քաղաքականության բացակայության հետեւանք է եւ քաղաքականության անցնելու հնարավորություն:

Այդտեղ առաջանում են գնահատականներ, հաճախ դեմքի շատ մտահոգ կամ խելացի արտահայտությամբ,- ընդ որում այդ թվում այնպիսի անձանց, որոնք դեմքի նույն խելացի արտահայտությամբ իրենց հարմար ու շահեկան տեղն ու դերն են ունեցել իշխող քառորդդարյա համակարգի տարբեր հատվածներում,- թե հեղափոխական մթնոլորտում ընտրությունը լինելու է էյֆորիկ: Այստեղ այդ հանգամանքը անմիջապես կապվում է իռացիոնալության հետ եւ հակադրվում սթափությանը:

Ստեղծվում է իրավիճակի նենգափոխման բավական ուշագրավ բանաձեւ՝ եթե որեւէ մեկը արտահայտվում է հեղափոխական գործընթացին եւ դրա տրամաբանական ավարտին հաղթանակի ամբողջական իրավա-քաղաքական ամրագրման կողմ, նա դիտարկվում է իռացիոնալ էյֆորիկ, իսկ ով դիտարկում է դա որպես իռացիոնալ-էյֆորիա՝ անմիջապես ասոցացվում է սթափության, ողջախոհության, հեռատեսության եւ այդօրինակ այլ հատկանիշների հետ:

Այստեղ իրավիճակը շատ մոտ է մեկ այլ հարցում այդօրինակ պարզունակ մեխանիզմի ներդրմանն ու շահագործմանը: Մոտ քառորդ դար առաջ, արցախյան պատերազմում ռազմական հաղթանակից անմիջապես հետո՝ այսպես ասած կարգավորման գործընթացի մեկնարկին զուգահեռ, հանրային գիտակցության մեջ ներդրվեց մի նենգափոխում: Դրա իմաստը այն էր, որ ով չի խոսում տարածքային զիջման մեխանիզմով կարգավորման հասնելու մասին, ով չի համարում, որ դա այլընտրանք չունի, ով չի կարծում, որ աշխարհը մեզանից այլ բան չի պահանջում, քան միայն դա՝ նա խաղաղության դիսկուրսի կրող չէ, նա ռազմատենչ է, միաժամանակ նաեւ աշխարհքաղաքական առումով անգրագետ եւ իռացիոնալ ռոմանտիկ: Այդ բանաձեւը առավել «բյուրեղացած» մատուցեց Տեր-Պետրոսյանն իր հայտնի հոդվածում: Ու թեեւ 1998 թվականին այդ հողի վրա ձեւակերպվեց իշխանության ներսում թավշյա հեղաշրջումը, այդուհանդերձ հետագա տարիներին չօգտագործելով նույն փաթեթավորումը, մյուս իշխանությունները շարունակեցին պետական քաղաքականության նույն տրամաբանությունը:

Այդպիսով, «աշխարհքաղաքական գրագիտության» կրողների ներդրած բանաձեւն ու մտածողությունը Հայաստանը հաղթող կողմից նախ վերածեց պատասխանող կողմի, հետո արդեն պաշտպանվող կողմի, ընդհուպ ապրիլյան քառոօրյա պատերազմ եւ ագրեսիա:

Դրանից հետո պայթեց «խաղաղության դիսկուրսի» նենգափոխման փուչիկը, ցույց տալով, որ իրականում «աշխարհքաղաքական գրագիտությունը» դե ֆակտո եղել է բացարձակապես հակառակ բնույթի իրողություն, եւ հայկական կողմի հաղթանակով հաստատված խաղաղությունը ամրացնելու փոխարեն հասունացրել է պատերազմը:

Առաջիկա արտահերթ ընտրության բնույթը անկասկած զգալիորեն տարբեր է արցախյան խնդրի բնույթից, թեեւ երկու առումով էլ գործ ունենք պետականության համար առանցքային խնդիրների հետ՝ ուղղակի մի դեպքում հեռանկարային զարգացման համար խիստ նշանակալի, բայց իրավիճակային դրվագի հետ՝ արտահերթ ընտրություն, մյուս դեպքում հայկական պետականության ռազմավարական առանցքի հետ՝ Արցախի գործոն:

Այդուհանդերձ կիրառվում է համանման նենգափոխման բանաձեւ՝ հեղափոխության գործընթացի աջակիցները «իռացիոնալ-էյֆորիկներ» են, իսկ չաջակցողները՝ սթափ, մտածող, հեռատես եւ զգոն շրջանակներ:

Հասկանալի է, թե ինչ է հետապնդում այդ «բանաձեւի» ներդրումը: Դա առնվազն անելանելիության զգացումն է, կամ էլ պարզապես հասկացությունների նենգափոխման շնորհիվ իրավիճակը լղոզելն ու այդպիսով սեփական տեղ ու դեր ապահովելը, քանի որ չլողզվածության պայմաններում այդ տեղն ու դերը կորսվում է անդառնալիորեն:

Մինչդեռ, հանրությունը, անգամ պահպանվող բարձր ոգեւորվածության պայմաններում, այդ վիճակում է ոչ թե իռացիոնալ, այլ հակառակը՝ հստակ պատկերացման բերումով: Մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչի համար են ոգեւորված, լավ պատկերացնում են, որ կան իհարկե հեռանկարի, շարունակության, կառավարման մարտավարական եւ ռազմավարական խնդիրների, պատասխանի կարոտ հարցեր եւ այլն, բայց նրանք շատ լավ պատկերացնում են նաեւ, որ ներկայումս լուծում են առավել լայն ու խորը խնդիր, առանց որի խնդիրները ոչ թե պակաս կլինեին, այլ կլինեին առավել լուրջ եւ վտանգավոր: Մարդիկ հասկանում են եւ սթափ պատկերացնում, ում եւ ինչի համար են աջակցում, եւ մինչեւ ուր կամ երբ են աջակցելու:

Նրանք «սթափերից» պակաս չեն պատկերացնում հեռանկարային խնդիրները, միաժամանակ գուցե ավելի լավ են պատկերացնում, որ ներկայում թավշյա հեղափոխության գործընթացն ավարտին հասցնելու եւ ամբողջացնելու իրենց աջակցությամբ ստեղծում են այդ խնդիրները լուծելու նախադրյալ, որովհետեւ խնդիրները՝ ընդ որում առավել լուրջ ծավալներով ու խորությամբ, կային նաեւ 2018-ի ապրիլից առաջ, իսկ էական լուծման նախադրյալ՝ ոչ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am