ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կշարունակի քարոզարշավը Լոռու մարզում, որտեղ առաջադրվել է. «Հաշվետվություն կներկայացնեմ, թե 11-ամյա գործունեության ընթացքում ինչ եմ արել, իսկ որ նայում եմ, իրոք, շատ բան է արվել», -Facebook-ում ուղիղ եթերում հայտարարել է Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև նախօրեին Լոռու մարզ կատարած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին՝ նշելով.


«Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել։ Վատացած մարդը ոչ ավելի, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանն էր։ Գործը հասել էր նրան, որ լոռեցիներին աջ ու ձախ սպառնալիքների, շանտաժի, մատ թափ տալու, ասֆալտին փռելու, վզից բռնելու կոչեր էր անում:

Այ ընկեր ջան, լոռեցիներին սկի թուրքերը չեն կարողացել վզից բռնել կամ ասֆալտին փռել: 1918 թվականին Ղարաքիլիսայում փառապանծ լոռեցիներն են Նժդեհի հետ պաշտպանել Հայաստանն ու հայությունը: Ինչպե՞ս կարելի է այդպես խոսել, դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտ փռող, վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ: Ինչպես կարելի է իջնել այդ մակարդակի: Սա քաղաքական բանավե՞ճ է, թե՞ քուչի բազար», - նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ ինքն իրեն վատ է զգում, որ իր երկրի ղեկավարը, որի քարոզարշավին հետեւում են տարբեր երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ, առավոտից երեկո ճղում է, ասֆալտին է փռում: