ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր երեւան եկած հանգամանքների հիմքով եւս մեկ բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Խոսքը վերաբերվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունից հետո ի հայտ եկած հանգամանքներին։


«Այն բանից հետո, երբ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացվեց, պարզվեց, որ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է որոշակի ճնշումների ազդեցության ներքո: Երբ մենք հիմա լսում ենք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները, ստացվում է, որ առաջին ատյանի դատարանում կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացված է եղել այն նպատակով, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ: Այսինքն՝ այդ միջնորդությունը օրինական նպատակ չի հետապնդել: Որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն, նախ, պետք է ապացուցված համարեն, որ պարոն Քոչարյանը այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից: Երկրորդը, եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, դրանից հետո պետք է քննարկվեր՝ արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է այն ամենը, ինչն իրեն մեղսագրվել է: Եթե հիմնավոր կասկածը չկա, դարձյալ ոչինչ քննարկվել չէր կարող: Սակայն հիմնավոր կասկածը եւս բավարար չէ՝ նրան կալանավորելու համար, պետք է ապացուցվի նաեւ, որ Քոչարյանը ազատության մեջ մնալու դեպքում հնարավոր է թաքնվի քննությունից եւ խոչընդոտի նախաքննությանը»,- ասաց նա։

Հայկ Ալումյանը նշեց, որ ի սկզբանե իրենք համաձայն չեն եղել, որ Քոչարյանն ազատ արձակվի բացառապես անձեռնմխելիության հիմքով։ Ըստ նրա՝ պետք է անդրադառնալ նաեւ մյուս փաստարկներին։

Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը ապօրինի ապացույց է եւ արդյոք չի ստացվում, որ նա ապօրինի ապացույցի հիման վրա բողոք է ներկայացրել դատարան, Ալումյանը պատասխանեց.

«Չկա դատավճիռ, որից կհետեւեր, որ այդ գաղտնալսումը եղել է ապօրինի»։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները դիմել էին նաեւ քննչական կոմիտե՝ ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ ՔԿ–ում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու համար, որը սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել էր։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։