Դեկտեմբերի 10-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ կխոսի Արցախի մասին: 1991 թվականի այդ օրն Արցախում անկախության հանրաքվե է անցկացվել, իսկ 2006 թվականին ընդունվել է ԼՂՀ Սահմանադրությունը:

Դեկտեմբերի 10-ը լավ ժամանակ է պարզելու, թե ինչպես են դասավորվելու հայկական երկու պետությունների հարաբերությունները: Մոտեցումները տարբեր են: Թե Հայաստանում, թե Արցախում կան լիակատար ինտեգրացիայի կողմնակիցներ, հարաբերությունների ֆորմալացման կողմնակիցներ, իսկ ոմանք էլ պնդում են, որ Հայաստանը չպետք է իր վրա վերցնի Արցախի խնդիրները:

Արցախի իշխանության հետ հարաբերության թեման անսպասելի ջրի երես է դուրս եկել Հայաստանում նախընտրական արշավի ժամանակ: Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարությունից կոշտ պահանջել է բացատրություններ տալ պաշտոնյաների հայտարարությունների համար: Բակո Սահակյանը բացատրություններ չի հնչեցրել, անգամ այն բանից հետո, երբ Ստեփանակերտ է գործուղվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ներկայում Արցախում տարբեր քաղաքական շարժումներ են ձեւավորվում, որոնք կամ զուտ արցախյան ծագում ունեն, կամ էլ կապված են դրսի ուժերի հետ: Ակնհայտ է սակայն, որ Արցախում իշխանության ուղղահայացը, որը հենվում էր Երեւանի վրա, արդեն չի աշխատում: Հաջորդ իշխանության ձեւավորման նախապատրաստությունն արդեն սկսվել է:

Նախքան Հայաստանում քարոզարշավի մեկնարկը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, խոսելով Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ պայմանավորվածության մասին, ասել է, որ դա Ադրբեջանին էր պետք: Վիտալի Բալասանյանի խոսքով, դրանով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կարելի է փակված համարել: Բացի այդ, նա ասել է. «Մենք պետք է փաստաթուղթ ունենանք, որտեղ նշվի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ առաջարկով մայիսին դիմել ենք Հայաստանի ղեկավարությանը, եւ այն ընդունվել է»:

Այս հայտարարությունները հակասում էին վարչակազմի ասածին, եւ Արցախի նախագահը չի աջակցել դրանց: Այնպիսի տպավորություն էր, որ Վիտալի Բալասանյանն իր գիծն է տանում՝ չհամաձայնեցնելով վարչակազմի հետ:

Նույն տպավորությունն էր Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որն ազդարարել է բազմամիլիոնանոց նախագծի մասին, որով Սարսանգի ջրամբարից ջրերը, որոնք այժմ Ադրբեջան են հոսում, պետք է Արցախի խորք տեղափոխվեն: Վարչակազմն այս մեծ նախագծին նույնպես քաղաքական արձագանք չի տվել:

Այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին Ստեփանակերտում բողոքի ակցիաներ սկսվեցին, Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականի նախագահի ընտրություններում չի առաջադրվելու: Ըստ երեւույթին, դա փոխզիջում էր: Իր հերթին, Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները ենթադրվում էր անցկացնել 2019 թվականի մայիս-հունիսին:

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունները նշանակեց դեկտեմբերի 9-ին, եւ Արցախում ըստ ամենայնի դա որպես ազդակ ընկալվեց: Արցախում քաղաքական ուժերն ու առանձին անհատներ ձեռնամուխ են եղել նախընտրական պատրստությունների, չբացառելով արտահերթ զարգացումներ նաեւ Արցախում:

Ընտրությունների եւ իշխանության ամրապնդման անհրաժեշտության մասին կարող է անձամբ Բակո Սահակյանը հայտարարել դեկտեմբերի 10-ին: Արցախում ընտրությունները «սուվերե՞ն» կլինեն, թե Երեւանի գործոնը վճռորոշ կլինի, ինչպես 1995 թվականից սկսած: Արցախում կկարողանա՞ն մերժել քաղաքական արկածախնդիրներին ու իրենց սպառած քաղաքական գործիչներին ու գտնել իրապես արժանի թեկնածուի:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am