Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մամուլի ասուլիսի նշանակալի մասը նվիրել է Հայաստանին: Ըստ Ֆրոյդի, դա կարող է նշանակել, որ Հայաստանի նոր իշխանությունը կոտրել է ավանդական եվրասիական մատրիցան եւ ստիպել ծերուկ նախագահներին բացել խաղաքարտերը: Հիմա ՀԱՊԿ-ում եւ այլ միություններում բոլորն առանց զրահաբաճկոնի են, բացի Հայաստանից:

Այն, որ Լուկաշենկոն այքան մանրամասն անդրադառնում է Հայաստանին ու Ղարաբաղին՝ հայտարարելով անգամ, որ ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից «հարձակումների» համար, վկայում է, որ Երեւանը Եվրասիական միության համար «հենապատ» է դարձել, եւ եթե այն չլինի, թղթե տնակը կքանդվի:

Մյուս կողմից, Լուկաշենկոն կարեւոր հայտարարություններ է արել, որոնք կարող են զսպող գործոն լինել որոշակի իրադարձությունների համար: Լուկաշենկոն հայտարարել է, որ առնվազն երկու անգամ Սերժ Սարգսյանին անձամբ է առաջարկել Մինսկի եւ Մոսկվայի երաշխավորությամբ հանձնել Ղարաբաղի 5 շրջաններ, որոնք «միեւնույն է՝ դատարկ են», որ տարածաշրջանը զարգանա: Բայց Սերժ Սարգսյանը երկու անգամ էլ կտրականապես հրաժարվել է:

Կարող է թվալ, որ սա «հին աղվեսի» թաքնված աջակցությունն է Հայաստանի նախորդ իշխանություններին, բայց իրականում Լուկաշենկոն բարձր շեմ է սահմանում Նիկոլ Փաշինյանի համար: Հիմա Նիկոլ Փաշինյանին դժվար կլինի համաձայնվել որեւէ փոխզիջումային ծրագրի, եթե Սերժ Սարգսյանը դրանք մերժել է:

Սա հատկապես արդիական է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Այսօր փոխվել է Արցախի բարձրագույն ռազմական ղեկավարությունը, եւ փորձագիտական շրջանակներում դա կապում են Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հարաբերություններում առաջացած խնդիրների հետ: Արցախում փոփոխությունները կուժեղացնե՞ն, թե կթուլացնեն ղարաբաղյան գործոնը Հայաստանի քաղաքականությունում:

Ղարաբաղը միշտ այն պահուստն էր, որտեղ պահպանվում էր Հայաստանի ինքնիշխանության խմորիչը: Ստեփանակերտը սահմանափակված չէ միջազգային պարտավորություններով, չնայած կամավոր միացել է շատ կոնվենցիաների, բայց Ղարաբաղի անկախությունը միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության համար միշտ մեծացրել է մանեւրի դաշտը:

Հայաստանում երկար տարիներ որոշ շրջանակներ փորձել են հանրային գիտակցությունում այն միտքը ներարկել, որ Ղարաբաղը Հայաստանի զարգացման խոչընդոտ է, եւ պետք է շտապ ազատվել դրանից: Բայց մտածող մարդիկ հասկացել են, որ հայերը հենց Ղարաբաղից են վերցրել պակասող ներուժն ինքնիշխան որոշումների ու զարգացման համար: Այդ ընկալման շնորհիվ է, որ Ղարաբաղը մնում է միակ կոնֆլիկտային գոտին, որտեղ օտարերկրյա խաղաղարարները չեն մտել: Լուկաշենկոն դա խոստովանել է:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am