Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի կողմից փափուկ ուժի կիրառման գործոնը համալիր, համակարգային հարց է: Նա ասել է, որ Ռուսաստանը մտադիր է աշխատել Հայաստանի հանրության լայն շրջանակների, քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Կոպիրկինը դրական առումով տարբերվում է իր նախորդից բառամթերքով ու մաներաներով, եւ երեւում է նրան դեսպան են նշանակել հենց դրա համար, որպեսզի «ներդաշնակվի» Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Գլխավոր խնդիրը կայսերականությունից անցումն է նեոգաղութատիրության, որը հռչակել է Պուտինը հետսովետական տարածքում ՌԴ քաղաքականության համար:

Կոպիրկինը փաստորեն հայտարարում է, որ իրականացնելու է իր երկրի հենց այս՝ իր ձեւակերպմամբ փափուկ ուժի համակարգային քաղաքականությունը:

Մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչքանով է թեկուզ փափուկ ուժ գործադրելը դաշնակցային հարաբերությունների, բարեկամության դրսեւորում: Ռուսաստանը վերջին օրերին մեծացնում է ճնշումը Հայաստանի ուղղությամբ. Լավրովի, նրա տեղակալ Կարասինի հայտարարությունները, գազի գնի հարցում զիջումների չգնալու մտադրությունը, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի մեդիա-քաղաքական զգալի շրջանակներում գրեթե թշնամական չդադարող քարոզչությունը դրա վկայությունն են:

Նկատելի է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են որոշակի խնդիրներ, ավելի ճիշտ՝ այդ խնդիրները, որոնք նախորդ վարչակարգի օրոք պաշտոնական մակարդակում երկուստեք լռության էին մատնվում, դուրս են եկել ջրի երես: Ակնհայտ է դարձել, որ Մոսկվայում, ինչպես նաեւ Հայաստանում, հստակ պատկերացումներ չկան, թե ինչպես պետք է կառուցվեն նոր հարաբերությունները:

Հին, «հազարամյա» հարաբերությունները հանգեցրել են ճգնաժամի, եւ եթե Երեւանում գոնե հռչակում են հարաբերություններում հայկական կողմի ելակետը՝ ինքնիշխանություն, Մոսկվայում մոգոնել են նեոգաղութատիրական փափուկ ուժի ինչ որ քաղաքականություն, որն ավելի է խորացնելու խնդիրները:

Ռուսական կողմից ներկայում կատարվող քայլերը դրա վկայությունն են:

Ռուսաստանի փափուկ ուժի քաղաքականությունը նույնպես տապալվելու է, հարցն այն է՝ ինչ գնով ու հետեւանքներով, որն արդեն հայկական կողմի պատասխանատվության ու քաղաքականության տիրույթում է: Մինչ այդ, բաց է մնում հարցը՝ լաբորատորիաների, ամերիկյան զենքի, թանկ գազի եւ այլ «փափուկուժային» պահանջների դիմաց ռուսները կհասկանա՞ն, որ շան գլուխը թաղված է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի մեջ: Առանց այս հարցի կարգավորման, իրավիճակը գնալով խորանալու է՝ երկուստեք անկանխատեսելի հետեւանքներով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am