Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը դեկտեմբերի 24-ին հավանության է արժանացրել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հետաքրքիր որոշումների նախագծեր: Խոսքը մասնավորապես ՀԱՊԿ գործընկեր պետության կարգավիճակի սահմանման մասին է, նաեւ այն մասին, որ անդամ երկրները կարող են ՀԱՊԿ ղեկավար մարմնում՝ ՀԱՊԿ Խորհրդում ներկայացված լինել ոչ միայն առաջնորդների, այլ նաեւ վարչապետների մակարդակով:

Գործընկեր-պետություն կարգավիճակը, ի տարբերություն դիտորդ-պետության կարգավիճակի, ենթադրում է ՀԱՊԿ հետ առանձին փոխշահավետ ոլորտներում գործընկերային հարաբերություն, նաեւ որոշակի պարտավորություններով ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցություն:

Այդ նախագծերը Ռուսաստանը կփորձի դնել ՀԱՊԿ անդամների քննարկմանը: Ինչո՞վ են դրանք պայմանավորված: Մասնավորապես, ինչո՞վ է պայմանավորված այն, որ Մոսկվան փորձում է ստեղծել ՀԱՊԿ ղեկավար կազմում՝ Խորհրդում, նաեւ անդամ պետությունների ոչ առաջին դեմքերի ներկայացվածության հնարավորություն:

Արդյոք այդպիսով ստեղծվում է հնարավորություն, որ օրինակ Պուտինի փոխարեն Խորհրդում ներկայացված լինի Մեդվեդեւը՝ ՌԴ ներկայիս վարչապետը: Թե՞ Պուտինն այդպիսով ավելի հեռահար մտադրություն է խմորում: Նա գտնվում է նախագահության չորրորդ ժամկետում: Իհարկե ավարտին դեռ շատ կա, սակայն ակնառու է նաեւ, որ ՌԴ նախագահի առաջ արդեն իսկ առկա է իշխանության փոխանցման խնդիրը: Առավել եւս, որ իրավիճակը աշխարհում եւ Ռուսաստանի անմիջական շահերի գոտիներում այնպիսին է, որ արագ փոփոխությունները չեն բացառում անգամ Ռուսաստանում այնպիսի իրադրություն, երբ հարկ կլինի վարվել ինչպես Ելցինը՝ ժամանակից շուտ ու անսպասելի հանձնել իշխանությունը, փոխանցել այն որեւէ մեկին:

Իսկ այդ մեկը, սովորաբար, Ռուսաստանում լինում է վարչապետը, կամ ավելի շուտ նշանակվում է նախ վարչապետ: Հնարավո՞ր է, որ ՌԴ նախագահը ներկայում դիտարկում է այդպիսի տարբերակ: Հարց կառաջանա, թե ի՞նչ կապ ունի այդ դեպքում ՀԱՊԿ-ը:

Ուղիղ թերեւս ոչ մի կապ, բայց չի բացառվում, որ դա իշխանության, ըստ այդմ դրա քաղաքական եւ ռազմա-քաղաքական լայն սպեկտրի սահուն փոխանցման տարբերակներից մեկն է, երբ հնարավոր վարչապետը ժամանակ առ ժամանակ կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդի աշխատանքին եւ կծանոթանա գործերի էությանը: Չի բացառվում, որ Պուտինը այժմ փորձում է ստեղծել այդ հնարավորությունը հեռանկարի համար:

Իհարկե դա կարող է լինել պատճառներից մեկը: Ի վերջո, հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանը նոր նախաձեռնությամբ փորձում է արգելակել ՀԱՊԿ անդամների մանեւրի այն հնարավորությունը, երբ անդամ երկրի առաջնորդը չի ժամանի Խորհրդի նիստին՝ տարբեր պատճառով, այդպիսով նաեւ խուսանավելով անցանկալի քննարկումներից եւ որոշումներից, առնվազն ժամանակ շահելով: Այդ դեպքում նա ստիպված կլինի գործուղել իր փոխարեն իր վարչապետին, չկարողանալով խուսանավել հարցի քննարկումից եւ պատասխանատվությունից:

Հայտնի է, որ եղել է մի քանի դեպք, օրինակ երբ քննարկվում էր ԳՔ պաշտոնում Հայաստանի թեկնածուի նշանակման հարցը,Բելառուսն ու Ղազախստանը փորձում էին ընդդիմանալ եւ այդ ընթացքում չմասնակցեցին որոշ Վեհաժողովների, ձգելով ժամանակը:

Այս ֆոնին, ՌԴ նախաձեռնությունը նաեւ կարող է վկայել ՀԱՊԿ-ում առաջիկա շրջանում առանցքային հարցեր բարձրացնելու ՌԴ մտադրությունը, եւ կանխատեսումը, որ դա կարող է առաջացնել խուսանավման անհրաժեշտություն որոշ անդամների մոտ:

Մոսկվայի նախաձեռնությունները հետաքրքիր են ՀԱՊԿ-ում ներկայում ստեղծված իրադրության հետ, երբ Հայաստանը ԳՔ շուրջ իր քայլով փաստորեն բացահայտել է կազմակերպության ճգնաժամային բնույթը, երբ բոլորը բոլորի համար չեն, այլ բոլորը բոլորի դեմ:

Երեւանն էլ դնում է դաշինքի ռազմա-քաղաքական բնույթը հստակեցնելու խնդիր, եւ այդ ֆոնին էլ ՌԴ նախաձեռնությունը դառնում է ուշագրավ, տողատակում թույլ տալով նշմարել որոշակի փոխադարձ շահի առկայությունը:

Մյուս կողմից, հարց է առաջացնում գործընկեր-պետության հանգամանքը: Ի՞նչ գործընկեր պետության է պատրաստվում Մոսկվան: Այստեղ կարող է դիտարկվել Ադրբեջանի պարագան: Համենայն դեպս Հայաստանում ամենից առաջ հայացքն ուղղում են դեպի այդ կողմ: Իրականում սակայն Ադրբեջան-ՀԱՊԿ հարաբերությունը թե Մոսկվայի, թե Բաքվի համար, նույնիսկ Անկարայի համար մի շարք զգայուն արգելակների հարց է, եւ այստեղ ավելի շատ բլեֆ է, քան իրական գործակցության հնարավորություն:

Մյուս կողմից, եթե առաջանում է այդ հարցը, ապա դա ինքնաբերաբար բարձրացնում է Հայաստանի դերն ու նշանակությունը: Այդ իմաստով էլ հետաքրքիր է, արդյոք Մոսկվան կխթանի այդ հարցը, գնալով Բաքվին ընդառաջ, ինչն Ադրբեջանի համար կարող է լինել ոչ այնքան հաճելի անակնկալ:

Բոլոր դեպքերում, նկատելի է, որ Հայաստանի բացահայտած ճգնաժամը կարծես թե քանդում է որոշակի կուլիսային խմորումներով հյուսված հանգույց եւ ստիպում է բոլորին աստիճանաբար բացվել, բաց խաղում դիտարկելով Հայաստանի շահի առավել պաշտպանության հնարավորությունը:

Վերջին հաշվով, ի տարբերություն ՀԱՊԿ գործնականում բոլոր առանցքային խաղացողների, Հայաստանից խաղում է լեգիտիմ իշխանություն, իսկ լեգիտիմությունը հրապարակային ուժ է: Ընդ որում խիստ հատկանշական է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ՀԱՊԿ շրջանակից Հայաստանին շնորհավորանք է հղել միայն Կիրգիզիան, որտեղ նույնպես կա իշխանության փոփոխության նախադեպ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am