Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մեկնարկային խոսքում նշում էր այն մասին, թե արդեն կորցրել է Մոսկվա այցելությունների եւ ՌԴ նախագահի հետ հանդիպումների հաշիվը: Նա հայտարարեց, թե արարողակարգը իրեն հուշել է, որ այլ երկրների ղեկավարների շարքում ամենահաճախակի այցելողների եռյակում է:

Նկատելի էր Նիկոլ Փաշինյանի ժեստը Պուտինի ուղղությամբ, գուցե նաեւ ակնարկը, որ արդեն ժամանակն է, որպեսզի Պուտինն էլ գա Հայաստան: Փաշինյանը նաեւ հղեց հրավերը, ասելով, թե հաճելի կլինի նրան հյուրընկալել Հայաստանում 2019 թվականին:

Ինչպիսի դինամիկա կլինի հայ-ռուսական փոխայցերի հարաբերակցության մեջ, դեռ կտեսնենք: Նկատելի է, որ հարաբերության վերափոխման մեջ կա որոշակի դինամիկա, Ռուսաստանի նախագահը քայլ առ քայլ ճանաչում է Հայաստանի նոր իշխանությանը, խոսքն իհարկե քաղաքական առումով ճանաչման մասին է: Ակնառու է, որ տեղի է ունենում հարաբերության վերափոխման, նոր բնույթի անցման գործընթաց, դրան բնականաբար անխուսափելիորեն ուղեկցող խնդիրներով եւ անհարմարություններով:

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումն այդ տեսանկյունից հատկանշական էր նրանով, որ փաստացի որեւէ կոնկրետ քաղաքական եւ տնտեսական հարցի վերաբերյալ չի եղել պայմանավորվածություն, մյուս կողմից սակայն այդ հանգամանքը բնորոշ է անցման շրջանին, քանի դեռ կողմերը մինչեւ վերջ չեն հստակեցրել փոխհարաբերության նոր բնույթն ու կանոնները, չեն հստակեցրել, թե ինչ են ուզում միմյանցից, որտեղ, ինչ ձեւով, եւ որտեղ է, որ միմյանցից պահանջ կամ ակնկալիք ունենալ պետք չէ:

Առայժմ նկատելի է, որ պահպանվում է ստատուս-քվոն՝ հարաբերության բովանդակության առումով, եւ միայն նոր բնույթի եւ հարաբերության կանոնների շուրջ առանցքային հստակեցումներից հետո օրակարգում կարող է տեղաշարժ լինել արդեն երկկողմ հարաբերության ստատուս-քվոյի բովանդակությունը փոխելու մասին: Դա կարող է ենթադրել ինչ որ ուղղությամբ օրակարգի հարստացում, իսկ ինչ որ ուղղությամբ էլ հնարավոր է այսպես ասած օպտիմալացում:

Այս տեսանկյունից շատ կարեւոր է նաեւ, թե Ռուսաստանի հետ հարաբերության ճշգրտմանը զուգահեռ, Հայաստանի նոր իշխանությունն ինչ արդյունք եւ բովանդակություն կկարողանա արձանագրել այլ ուղղություններով, թե ԱՄՆ, Եվրամիության, թե հեռավոր արեւելքի՝ Հնդկաստանի, Չինաստանի ուղղությամբ, եւ թե մերձավոր Իրանի:

Առայժմ այս տեսանկյունից գործընթացներ առկա են ԱՄՆ, Եվրամիության, եւ մեկ այլ մերձավոր հարեւան ու գործընկեր Վրաստանի ուղղությամբ: Հեռավոր Արեւելքն ու Իրանը դեռեւս բաց են՝ բարձր մակարդակի շփումների տեսանկյունից:

Արեւելքի պարագայում սպասումներն էլ գուցե առայժմ հասկանալիորեն մեծ չեն, թեեւ երբեք չպետք է պատահականություն համարել այն, որ Չինաստանը Հայաստանի տարածքում է կառուցում Եվրասիական տարածությունում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունը:

Տվյալ պարագայում շատ ուշագրավ է Իրանի հարցը: Այստեղ եղել է նախագահ Ռոհանիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում, Նյու Յորքում:

Սակայն դրանից ամիսներ առաջ, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նրան հրավիրել էր այցելել Իրան: Հասկանալի է, որ անցնող ութ ամիսներին Նիկոլ Փաշինյանը զբաղված էր ներքաղաքական անցման, հեղափոխության առաջին փուլի տրանսֆորմացման եւ ամբողջական իշխանափոխության խնդիրներով եւ թերեւս փորձում էր այցերի մակարդակով սպասարկել առավել հրատապ ուղղությունները, որտեղ Հայաստանի հարաբերությունը համեմատաբարչ մեծ է թե ծավալային, թե առօրեական նշանակության տեսանկյունից:

Իրանի հետ հարաբերությունն անկասկած իր կարեւորությամբ չի զիջում որեւէ այլ ուղղության, սակայն գործնականում ունի առանձնահատուկ բնույթ, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Այդ տեսանկյունից սակայն, հատկապես խորհրդարանի ընտրությունից հետո արդեն հասունացել է Իրանի ուղղությամբ նայելու ժամանակը եւ թերեւս հարցը, թե երբ է պատրաստվում Նիկոլ Փաշինյանն այցելել Թեհրան, եւ աշխատու՞մ են այդ այցի պատրաստման ուղղությամբ երկու կողմերը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am