Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կշարունակի բարեփոխումները, ինչը կնպաստի նաեւ ռեգիոնալ զարգացմանն ու կայունությանը:

Վրաստանի վարչապետ Բախտաձեն նշել է, որ իր կողմից վերհաստատում է այդ կարեւոր գործում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

2018-ի մայիսին վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան, ինչը ուներ խորհրդանշական իմաստ, հաշվի առնելով Վրաստանի կարեւորությունը Հայաստանի համար: Այստեղ սակայն կա որոշակի ընկալում, որ այդ կարեւորությունն ավելի մեծ է, քան Վրաստանի համար Հայաստանի նշանակությունը:

Ընթացիկ, առօրյա տրամաբանությամբ դա գուցե այդպես է, հաշվի առնելով այն, որ Վրաստանը Հայաստանի հիմնական ճանապարհն է, ցամաքային եւ ծովային տրանսպորտային կապն աշխարհի հետ, առեւտրային հիմնական գործընկերների հետ:

Միեւնույն ժամանակ, սակայն, պետական կենսագործունեությունն ամենեւին չի սահմանափակվում լոկ առօրյա առեւտրա-տնտեսական իրողություններով: Եվ այդ առումով, Վրաստանի համար Հայաստանի կարեւորությունը, Հայաստանի նշանակությունը գուցե առօրյա չէ, սակայն պետական ռազմավարական հեռանկարում Հայաստանը Վրաստանի անփոխարինելի դաշնակիցն է՝ միակ, բնական դաշնակիցն ու նույնիսկ որոշակի պատվարը: Անգամ այն դեպքում, երբ Երեւանն ու Թբիլիսին արտաքին քաղաքականության ու անվտանգության տեսանկյունից տարբեր ինտեգրացիոն ուղղություններում են:

Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Վրաստանը լոկ Հայաստանն օղակելու ճանապարհ չէ: Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Վրաստանը էքսպանսիայի ենթակա տարածք է, որի պետական կամքի ջլատումը նրանց ռազմավարության առանցքային նպատակներից մեկն է: Պարզապես, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի հանդեպ նրանց քաղաքականությունը զուրկ է ագրեսիայից, այսպես ասած «փափուկ ուժի» տրամաբանության մեջ է:

Այստեղ պատճառները մի քանիսն են, սակայն կասկածից վեր է, որ Հայաստանի ռազմավարական թուլացման եւ ջլատման քաղաքականությունը հիմնարար հաջողություն ունենալու դեպքում ավելացնելու է նրանց ագրեսիան Վրաստանի նկատմամբ, որովհետեւ, եթե հաջորդիվ չեն անցնում Վրաստանին, Հայաստանի հանդեպ հաջողությունը նրանց համար չի պարունակում ամբողջական ռեգիոնալ էֆեկտ:

Ընդ որում, այդ ռազմավարական վտանգի խիստ լոկալ, սակայն միեւնույն ժամանակ խիստ բնորոշ ու հատկանշական դրվագ էր ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առեւանգումը Թբիլիսիի կենտրոնում եւ նրա տեղափոխումը Բաքու: Երկու դեպքում էլ դա ապտակ էր վրացական պետականությանը՝ անկախ այն բանից, գործակցե՞լ են Վրաստանի հատուկ ծառայության հետ, թե՞ ոչ: Վրաստանը շատ ավելի կոշտ եւ դաժան ապտակների է արժանանալու, եթե ընկնի Հայաստանի դիմադրությունը:

Մինչդեռ այդ դիմադրությունը գցելու հարցում Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար փորձում են ներգրավել Թբիլիսիին, իհարկե ոչ ուղիղ նպատակադրումով, բայց նախաձեռնություններով ու ֆորմատներով, որոնք միտված են Հայաստանի մեկուսացմանը:

Մյուս կողմից, այստեղ իհարկե ամեն ինչ կախված է այն բանից, թե դրանց հանդեպ խորքային, ռազմավարական գնահատման առումով ինչպիսի վերաբերմունք ունի Թբիլիսին, այսինքն ինչ գնահատումով եւ պլանավորում է մասնակցում այդ ֆորմատներին, սուբյեկտային ինչ ներուժով: Որովհետեւ այստեղ Վրաստանի ինքնիշխան սուբյեկտության պարագայում Թբիլիսիի ներգրավումն այդ ֆորմատներին չի կարող Հայաստանի համար լինել վտանգ, քանի որ Վրաստանը այդ դեպքում կդառնա ոչ թե Հայաստանի դեմ նախաձեռնությունների թափն ավելացնող, այլ հակառակը՝ թափը կոտրող միավոր:

Բոլոր դեպքերում, ակնառու է, որ հայ-վրացական հարաբերությունն ունի խորքային վերաիմաստավորման եւ վերլուծման անհրաժեշտություն: Մի բան, որը տարբեր պատճառներով տեղի չի ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո: Ներկայում Հայաստանում թավշյա հեղափոխությունը, նաեւ համաշխարհային գլխապտույտ օրակարգը եւ դրա հնարավոր անդրադարձերը ռեգիոնալ իրողությունների վրա, հայ-վրացական այդ քննարկումներն ու երկխոսությունը, գործակցության նոր ու երկարաժամկետ օրակարգի ձեւավորումը եւ դրա շուրջ համատեղ մտագրոհներն ունեն կենսական նշանակություն:

Գործնականում թե Հայաստանին, թե Վրաստանին ամենեւին ձեռնտու չէ այն դիմակայությունը, որ կա երկու բեվեռների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Դա ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնց համար այդ դիմակայությունը բացում է ռեգիոնալ քաղաքականության մեջ ռազմականացված շանտաժի քաղաքականության աշխուժացման սողանցքներ:

Միեւնույն ժամանակ, Երեւանն էլ, Թբիլիսին էլ անկարող են ազդել այդ դիմակայության վրա: Բայց կարող են համատեղ աշխատել առնվազն Կովկասի ֆորմատում դիմակայության ազդեցությունը որոշակի նվազեցնելու եւ ռեգիոնալ համադրության եզրեր ձեւավորելու ուղղությամբ:

Հայաստանն ու Վրաստանը պետք է քաղաքական մակարդակում հնարավորինս արագ սահմանեն հայեցակարգային, ռազմավարական շահի շրջանակը, դրանից հետո անցնելով այդ շրջանակը ավելի ընթացակարգային եւ բազմաոլորտ բովանդակությամբ լցնելու նախագծերի գեներացման:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am