Այսօր շվեյցարական Դավոսում մեկնարկում է համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը, որը համաշխարհային տնտեսաքաղաքական էլիտայի ամենամյա պարբերականությամբ ամենահեղինակավոր հավաքատեղին է: Դավոսում ամեն տարվա սկզբին քննարկվում են ընթացիկ և սպասվող տնտեսաքաղաքական զարգացումները, համաշխարհային տնտեսական օրակարգն ու առաջնահերթությունները, որոնք բնականաբար թողնելու են նաև իրենց մեծ ազդեցությունը համաշխարհային կյանքի քաղաքական վարքագծի վրա:

Հայաստանը տևական ժամանակ անց Դավոսին ներկայանում է առաջին դեմքի մակարդակով: Դավոս է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն բանը ոչ միայն առաջին դեմքով ներկայանալն է, այլ նաև հանգամանքը, որ Հայաստանը ներկայանում է 2018 թվականի համաշխարհային նյուզմեյքերուքյան պաշարով, որը ձեռք է բերել թավշյա հեղափոխության արդյունքում:

Մյուս կողմից՝ աներկբա է, որ դրանով Հայաստանն աշխարհին արդեն իսկ զարմացրել է, հետևաբար Դավոսում պահանջվելու է զարմացնելու նոր բան: Շվեյցարիայում հավաքվում են մարդիկ, որոնք շատ կոնկրետ են խոսում, որոնք հավաքվում են շատ կոնկրետ գործերի և շփումների համար, և ըստ այդմ՝ նրանք Հայաստանից էլ ակնկալելու են այդ կոնկրետությունը:

Ի՞նչ է նախապատրաստել Հայաստանի նոր իշխանությունը՝ նոր Հայաստանի նոր իշխանությունը, Դավոսի համաժողովի մասնակիցների համար, որոնք տրամադրված կլինեն լսել Հայաստանի ձայնը: Այս առումով պետք է, իհարկե, չունենալ ավելորդ պատրանքներ՝ մտածելու համար, թե Հայաստանը լինելու է հետաքրքրության կենտրոնում: Ի վերջո, որպես կարևոր ռեգիոնում առանցքային նշանակությամբ երկիր՝ Հայաստանն անշուշտ մեծ ուշադրություն գրավեց իր թավշյա հեղափոխությամբ, սակայն Դավոսի հավաքն այլ հարթություն է, հետևաբար այստեղ ուշադրություն գրավում են մտահղացումներով, առաջարկներով, կոնկրետ գաղափարներով:

Այս տեսանկյունից Հայաստանի դավոսյան «ճամպրուկի» պարունակությունը գոնե առայժմ հայտնի չէ: Սա մի կողմից՝ ինտրիգ է, իհարկե, մեզ համար, մյուս կողմից՝ իհարկե ցանկալի կլիներ, եթե Հայաստանը Դավոսի համաժողովից առաջ ազդարարեր որոշակի ուղենիշներ և առաջացներ որոշակի, այսպես ասած, սպասումներ:

Այդ իմաստով հետաքրքիր էր տարեմուտից առաջ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ Դավոսի համաժողովին Հայաստանը կմասնակցի աննախադեպ ֆորմատով: Դա հիմք տվեց շատերին ենթադրելու կամ նույնիսկ երևակայելու, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի համատեղ մասնակցություն: Սակայն դա կարծես թե տեղի չունեցավ:

Միևնույն ժամանակ Արմեն Սարգսյանն իր հերթին ունեցավ նախադավոսյան հետաքրքիր այց Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մասնակցեց նաև միջազգային մեկ այլ հեղինակավոր ամենամյա ֆորումի, որն իհարկե իր մասշտաբով ու մակարդակով Դավոս չէ՝ Աբու Դաբիի «Կայունության շաբաթ» խորագրով ֆորումը, սակայն, անշուշտ արդեն իր գործնական տեղն ունի միջազգային տնտեսաքաղաքական կյանքում ներգրավված էլիտայի ներկայացուցիչների համար: Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում արեց կարևոր հայտարարություններ, ինչը խոշոր իմաստով կարող է լինել Դավոսի որոշակի, իհարկե անուղղակի, սակայն յուրօրինակ նախերգանք: Հայաստանին Դավոսում անհրաժեշտ է հենվել դրա վրա և բարձրացնել այդ նշաձողը:

Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնում տնտեսական հեղափոխության հռչակված նշանաբանով, միևնույն ժամանակ, սակայն, տնտեսության մեջ առայժմ հեղափոխական ոչ միայն քայլերի, այլ նաև նույնիսկ գաղափարների և նախաձեռնությունների մեծ հաշվով բացակայությամբ:

Դրան զուգահեռ, սակայն, հնարավոր է դիտարկել թերևս նաև հակառակ ընթացքը, երբ Դավոսի համաժողովում է հնարավոր ձևավորել Հայաստանի տնտեսական հեղափոխության մեկնակետը: Մի բան թերևս ակնառու է, որ այդ հեղափոխությունը կամ դրա մասին գաղափարը Դավոսում ունի առարկայանալու և հետագայում արդեն ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում կենսագործվելու պրակտիկ անհրաժեշտություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 Նյութի աղբյուրը՝ 1in.am